Վերջին օրերին բավականին թեժ իրավիճակ է տիրում Սիրիայում և մեր հայրենակիցներն այնտեղ մահվան վտանգի առջև են կանգնած: Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Հալաճյանի հետ:
Նրա հավաստմամբ՝ 2016-ին 428 սիրիահայ է տեղափոխել Հայաստան: «Վերջին օրերին մեծ հոսք չի նկատվել, ընդամենը մի քանի ընտանիքներ են: Պարզ է, որ տեղափոխվելու ցանկություն ունեցողները շատ կլինեն, որովհետև իսկապես շատ վատ է վիճակը Սիրիայում,- նշեց Լ. Հալաճյանը: – Տեղափոխվելու որոշումը ընտանիքն ինքը պետք է կայացնի, մենք չենք կարող զանգվածային տեղափոխման քաղաքականություն վարել և այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել: Դա ռազմավարական կամ պետական մակարդակի հարթակ է, որտեղ պետք չէ, որ հասարակական կազմակերպությունները լինեն»:
Լենա Հալաճյանը տեղեկացրեց, որ մարդասիրական օգնություններ միշտ լինում են, և Հայաստան տեղափոխվածների ուսումնական, առողջապահական շատ խնդիրներ արդեն լուծված են: «Նոր ժամանողների առողջական և կրթական խնդիրները ևս լուծվում են: Աշխատանքի տեղավորման խնդիրներով ենք զբաղվում, արդեն սիրիահայերի մեծ մասն աշխատում են, այլ բան է, որ աշխատավարձերը ցածր են և նրանք դժգոհում են: Իրենք էլ աշխատատեղեր են բացում, ռեստորաններ են բացել, բժիշկներ, ոսկերիչներ, տաքսու վարորդներ ունենք արդեն: Աշխատողները հոգեպես ավելի լավ են զգում:
Լ. Հալաճյանն ընդգծեց, որ գերխնդիրը բնակարաններով ապահովելու խնդիրն է, եթե այդ խնդիրը լուծվեր, ավելի շատ մարդիկ կգային Հայաստան: Նրա խոսքով՝ Երևանից դուրս բնակարաններ կան, նույնիսկ առանց վարձավճարի են տրամադրվում, սակայն Հայաստան տեղափոխված սիրիահայերը Երևանից դուրս չեն ուզում բնակվել:
Մանրամասները՝ տեսանյութում:











































