Եվս 2 ամերիկուհիներ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
46-ամյա Քրիսթին Անդերսոնը Washington Post-ին հայտնել է, որ 1990-ական թվականներին, երբ ինքը Նյու Յորքի Մանհեթենի ակումբներից մեկում աշխատել է որպես մատուցողուհի, Թրամփը փորձել է ձեռքը տանել իր շրջազգեստի տակ: «Չգիտեմ՝ ինչու նա դա արեց, ինձ թվում է՝ ուղղակի ապացուցելու համար, որ ինքը կարող է դա իրեն թույլ տալ, և դրա համար իրեն ոչինչ չեն անի: Հետո մեր միջև ոչ մի զրույց չի կայացել, մենք նույնիսկ միմյանց չենք նայել»,- պատմել է Անդերսոնը:
Թրամփին մեղադրել է նաև Սամեր Զերվոսը. նա նախկինում մասնակցել է «Աշակերտ» հեռուստաշոուին, որի հաղորդավարը եղել է Թրամփը:
Նա պատմել է, որ 2007 թվականին Լոս Անջելեսում Թրամփը իրեն հրավիրել է Beverly Hills հյուրանոց՝ հնարավոր աշխատանքի համար հարցազրույցի, և անմիջապես սկսել է համբուրել և փորձել ինտիմ մերձեցման: 41-ամյա Զերվոսը նաև հայտնել է, որ ավելի ուշ Թրամփի ընկերություններից մեկում իրեն առաջարկել են ցածր վարձատրվող աշխատանք:








































