«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
-Երևանում անցկացվում է ՀԱՊԿ գագաթնաժովը, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ժամանել են Հայաստան՝ բացի Ղազախստանի նախագահից, որի այցի չեղարկումը պատճառաբանվեց նրա հիվանդությամբ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Հայաստանի ներկայացուցիչը: Ըստ Ձեզ՝ արդյո՞ք մենք կարողացել ենք այս տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկների հետ բարեկամական և հավասար հիմունքներով հարաբերություններ հաստատել: Եվ ՀԱՊԿ-ն արդյո՞ք այս տարիների ընթացքում կատարել է իր պարտավորությունները՝ Հայաստանի մասով:
-Մենք շարունակ ստիպված ենք խոսել՝ ձևանալով, իբրև թե մենք ապրում ենք պետության մեջ, և այդ պետությունն այս կամ այն մակարդակի անկախ քաղաքականություն է վարում, իրավահավասար կապեր է ստեղծում, իրականում նման բան չկա, և այսօրվա ՀԱՊԿ գագաթնաժողովը այս կրկեսի հերթական ներկայացումն է: Այն քաղաքական հարբուխը, որով Ղազախստանի նախագահ Նազարբաևը պատճառաբանեց իր չգալը, իրականում վարակել է ամբողջ այս կառույցը, ինչպես և բոլոր այլ կառույցները, որոնք հիմա գլխավորում է Ռուսաստանը, դրանք հիվանդ են քաղաքական ծանրագույն հիվանդությամբ: Կարելի է ձևանալ, թե ոչինչ չի կատարվում և շարունակել այս դիմակահանդեսը, բայց եթե ընդամենը մի քանի շաբաթ առաջ նման վերլուծություններ կարելի էր անել ակադեմիական սառնասրտությամբ, ապա այն ինչ կատարվում է այսօր, արդեն թույլ չի տալիս նման շռայլություն, որովհետև Ռուսաստանը հենց այս օրերին, վերջին շաբաթների ընթացքում սրընթաց հասնում է (չեմ էլ կարող ասել սառը պատերազմի, քանի որ արևմտյան մամուլը գրում է, որ սա շատ ավելի լուրջ է, քան սառը պատերազմը) առճակատման եզրին, և մեզ ներքաշում են դրա մեջ: Ես երեկ, որպես մարդ, որպես քաղաքացի, որպես հայր շատ ապրումներ ունեցա, երբ կարդացի ՀԱՊԿ ներկայացուցիչ Վասիլևի հայտարարությունը, որ ԱՄՆ հակաօդային պաշտպանական համակարգը ազգային անվտանգության սպառնալիք է Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի համար: Սա նշանակում է, որ հայտարարվում է, որ մենք, մեր երկիրը, այդ թվում նաև ես, իմ ընտանիքը, իմ ընկերները, իմ փոքրիկ աշխարհը դառնում ենք ՆԱՏՕ-ի՝ աշխարհի հզորագույն ռազմական, տնտեսական միավորի թիրախ:
Ես հրապարակավ գրեցի, որ եթե առաջիկա ժամերին Հայաստանի կառավարությունը շատ խիստ չքննադատի, չմերժի, չժխտի այս սադրանքը, դա նշանակում է, որ մեր հասարակությունը ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պարտավոր է զինված ազատագրել մեր հայրենիքը այս թակարդից, որի մեջ մեզ գցում են:
Հայաստանը այժմ Սիրիայի ռազմական թատերաբեմին ամենամոտ գտնվող ոչ միայն ԱՊՀ երկիրն է, այլ նաև մի երկիր է, որտեղ տեղակայված են երկու ռուսական ռազմաբազաներ: Եթե Ռուսաստանը իրականացնի սպառնալիքը և փորձի կրակել Սիրիայում ամերիկյան որևէ օդանավի վրա, ինչպես Հալեպում կրակում էր Կասպից ծովի տարածքից, ապա մենք անմիջապես ստանալու ենք պատասխան, և դա լինելու է հրթիռների տեսքով, որոնք ընկնելու են «Էրեբունի»- ի օդանավակայանի կամ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի վրա: Այսինքն՝ Հայաստանի համար բացել են երկրորդ ցեղասպանության դուռը, և դա միջուկային ցեղասպանություն է: Ավելին՝ դա ինքնացեղասպանություն է, որովհետև Հայաստանը ինքն է ընդունում և լուրջ դեմքի արտահայտությամբ՝ կարծես թե պատրաստվում է ղեկավարել այս խայտառակ, մղձավանջային գործընթացը, որը կոչվում է ՀԱՊԿ:
-Հայաստանի ներկայացուցչին ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնում նշանակումն արդյո՞ք ձևական բնույթ կկրի, և իրականում այդ կազմակերպության հիմնական թելադրող երկիրը կմնա Ռուսաստանը:
-Իհարկե այդպես է լինելու: Բայց մենք հանցակից ենք դառնում: Մենք թույլ ենք տալիս, որ մեր թույլտվությամբ և մեր համաձայնությամբ հարվածեն մեր ազգակիցներին՝ օդուժով, հրթիռներով: Այս չարաբաստիկ «Իսկանդերներ»- ը, S-300-ները, որոնք պետք է որ պաշտպանեն ռուսական ինքնաթիռները, այդ թվում նաև այս տարածքից, սա նշանակում է, որ մենք հանցակից ենք: Եվ ինչպես Նյուրնբերգի դատարանը կախաղան հանեց ոչ միայն գնդակահարողներին, այլ նաև նրանց հանցակիցներին, գաղափարակիրներին, այնպես էլ մենք հիմա ինքներս սրընթաց գնում ենք այդ համաշխարհային դատաստանին: Ես ապշում եմ, որ մեր հասարակությունը հիմա դրսում չէ, որ մենք չենք գիտակցում, թե ինչ է կատարվում, այսինքն՝ չարիքն այնքան սովորական է դարձել, որ մենք չենք էլ զգում. հողն արդեն այրվում է մեր ոտքերի տակ, իսկ մենք մտածում ենք՝ դուրս գա՞նք այս տնից, միգուցե անձրև է դրսում, միգուցե ուրիշ հարմարավետ տուն չլինի:
-Պուտինի նախորդ այցի ժամանակ այստեղ ցույցեր տեղի ունեցան, Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին ձերբակալվեց, Շ. Հարությունյանին չհաջողվեց, բայց հսկայական թվով մարդիկ դուրս եկան փողոց, եղան բերման ենթարկվածներ: Այս անգամ կարծեք թե հանդարտ է ընդունվում Պուտինի այցը, թեպետ թվում էր, թե ապրիլյան պատերազմից հետո, Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված՝ Ռուսաստանից հայ հասարակության դժգոհությունն ավելի մեծ կլինի:
-Ճիշտ եք, թեև փոքր ակցիաներ տեղի են ունեցել, սակայն դա չի դառնում հասարակական շարժում: Պուտինի ցանկացած այցը պատուհաս է դառնում Հայաստանի համար: Նրա առաջին այցը 99թ. Հոկտեմբերի 27-ի սպանությունից անմիջապես հետո էր, նրա ցանկացած այցը մեզ բերում է սպանություններ և ձերբակալություններ: Օրինակ՝ քչերն են հիշում, որ Պուտինը Մարտի 1-ից մեկ օր անց կատարեց հայտնի «ռոկիրովկան»՝ Մեդվեդևին իր տեղը նախագահ դրեց. դա ուղիղ կապ ուներ Մարտի 1-ի հետ: Սպանությունները կատարվել են ռուսական դեսպանության շրջակայքում, և Ռ. Քոչարյանը մի քանի տարի անց ակնարկեց, որ այստեղ գործել էին օտար երկրի հատուկ ծառայություններ: Կարելի է ենթադրել, թե որ երկրի մասին է խոսքը: Ժիրայր Սէֆիլյանի բանտարկությունը նույնպես կապված էր հենց Պուտինի գալու հետ: Հիմա Պուտինը գալիս է «Սասնա ծռեր»- ից հետո ստուգայց անցկացնելու՝ տեսնելու, թե որքան է նրան ենթարկվում այս համակարգը: Ժողովուրդը լռում է: Սա պուշկինյան լռություն է. «Բորիս Գոդունով» դրամայի վերջին նախադասությամբ ասված է. «Ժողովո՛ւրդ, գոռացե՛ք՝ կեցցե՛ արքան: ժողովուրդը լռում է»: Սա ոչ միայն անտարբերության լռություն է, ոչ միայն վախի լռություն է, այլ նաև շատ մռայլ սպասելիքի լռություն է, որովհետև բնազդով հասարակությունը զգում է, որ սրա վերջը գալիս է: Պաշտոնական Երևանը հանցակից է այս ամեն ինչին, և սա մղձավանջ է մեզ համար, մեր երեխաների համար: Եթե որևէ կտրուկ փոփոխություն չլինի, ապա Հայաստանը դառնում է թիրախ իրական պատերազմի համար, և սա մեզ դնում է դաժան երկընտրության առաջ. կա՛մ մենք համաձայնում ենք ինքնացեղասպանության, կա՛մ պետք է ապստամբենք: Եվ այդ մասին պաշտոնապես պետք է ասվի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































