Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Պակիստանի վարչապետ Մուհամմադ Նավազ Շարիֆին: Հանդիպումը նախ անցել է նեղ կազմով, ապա՝ ընդլայնված ձևով:
Հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք տարեսկզբին հանդիպել են նաև Դավոսում, ունեցել են շատ լավ հանդիպում ու զրույց և ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության ռազմավարական էությունը:
«Պակիստանն Ադրբեջանի ամենամոտ ընկերներից է: Մենք ցանկանում ենք զարգացնել մեր կապերը տարբեր ոլորտներում: Մենք ունենք շատ սերտ քաղաքական կապեր:
Մենք վարչապետի հետ քննարկել ենք մեր քաղաքական համագործակցությունը, որը շատ բարձր մակարդակի է: Մենք պետք է ընդլայնենք նաև տնտեսական համագործակցությունը:
Մենք միմյանց աջակցում ենք միջազգային բոլոր հարցերով: Ադրբեջանը մշտապես Պակիստանին աջակցում է Քաշմիրի հետ կապված հարցերում: Պակիստանը մեզ նույնպես մշտապես աջակցում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերում: Մենք միասին ենք միջազգային բոլոր կազմակերպություններում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն:








































