Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան ցանկանում է «Հարավային գազային միջանցք» նախագծին միացնել իսրայելական գազի մատակարարումները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Ջեմիլ Էրթոմը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը այդ հարցը քննարկել է երեկ Ստամբուլում՝ իր իսրայելցի գործընկեր Յուվալ Շտայնիցի հետ հանդիպման ժամանակ:
Էրթեմը հավելել է, որ երկու երկրների միջև էներգետիկ համաձայնագրերը կարող են խթան հանդիսանալ Միջերկրական ծովի արևելյան հատվածի ու Մերձավոր Արևելքի խնդիրների լուծման համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալբայրաքն ու Շտայնիցը Ստամբուլում անցկացված 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի շրջանակներում անցկացրած երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների միջև գազատար կառուցելու հնարավորությունը:






































