Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը հարուցում է զարմանք ու ափսոսանք:
«Ուշակովի այդ հայտարարությունը հակասում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումների ոգուն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բազմաթիվ հայտարարություններին, որոնք առնչվում են ստատուս քվոյի անկայունությանն ու անընդունելիությանը:
Տվյալ հայտարարությունը նաև չի համապատասխանում այն մանրակրկիտ քննարկումներին, որոնք անցկացվել են տարածաշրջան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ինտենսիվ այցերի շրջանակներում:
Ադրբեջանը քանիցս հայտարարել է, որ կողմ է Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ բովանդակային բանակցությունների անցկացմանը՝ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում անցկացված հանդիպումների ոգուն համապատասխան:
Բովանդակային բանակցությունները պետք է հանգեցնեն անկայուն ու անընդունելի ստատուս քվոյի փոփոխման ու հայկական զորքերի դուրսբերման»,- ասել է Հաջիևը:
Ավելի վաղ Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Մոսկվան մեծ լավատեսություն չի զգում մոտ ժամանակներս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար և շարունակելու է այդ հարցի շուրջ աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ:












































