Բեսլանում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժել են նաև ԼՂՀ ՆԳ փոխնախարարի ծնողները։ Այս մասին TASS գործակալությանը հայտնել է Հյուսիսային Օսիայի Պրավոբերեժնի շրջանի ղեկավարի տեղակալ Վալերի Կառլովը։
«Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի փոխնախարարի մայրը ներկայումս Վլադիկավկազի Հանրապետական կլինիկական հիվանդանոցում է, նա ստացել է թեթև վնասվածքներ։ Փոխնախարարի հայրը նույնպես եղել է ավտոբուսում և ներկայումս ժամանակավոր տեղակայման կետում է, որն ստեղծվել է Բեսլանի Մշակույթի պալատում»,- ասել է Կառլովը։
Նա նշել է, որ այժմ որոշվում է ժամանակավոր տեղակայման երկրորդ կետի բացման հարցը։
Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարար Միխայիլ Ռատմանովը հայտնել է, որ Մոսկվա-Երևան ավտոբուսի 5 զոհերը Հայաստանի քաղաքացիներ են։ Ռատմանովի խոսքով՝ ավտոբուսում եղել են 4 ռուսներ՝ մարզիկ երեխաներ Ռոստովի մարզից։






































