Ադրբեջանական Anspress.com կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի հարցերով բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը քննադատել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային` Ադրբեջանի ներքին գործերին «միջամտելու» համար:
Նշվում է, որ Երևանում Բորդյուժան Ադրբեջանին մեղադրել է տարածաշրջանում իրավիճակի սրման մեջ: Այս կապակցությամբ Մամեդովը նշել է.
«Այդ ողջ տեղեկատվությունը ունի սադրանքի բնույթ: Ես չեմ հավատում, որ Բորդյուժան այդպիսի հայտարարություն է հնչեցրել: Նա այդպիսի մտքեր արտահայտելու իրավունք չուներ: Ճիշտ չէ խոսել այնպիսի բաների մասին, որոնք Ադրբեջանը չի գործել:
Բացի այդ, Ադրբեջանը որևէ հակասող քայլ չի ձեռնարկել օտար երկրի տարածքում: Եթե Ադրբեջանը ցանկանում է որևէ բան ձեռնարկել «իր տարածքում», ապա դա նրա իրավունքն է: Բորդյուժան «չի կարող» տվյալ խնդրի շուրջ դիրքորոշում հայտնել»:
Հիշեցնենք, որ երեկ էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն ողջունել էր Նիկոլայ Բորդյուժայի երևանյան հայտարարությունը, որում նա նշել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հույս էր հայտնել, որ Բորդյուժան հայկական կողմին կհամոզի Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից հայկական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը, ինչը «հնարավորություն կընձեռի» խուսափել ռազմական գործողությունների վերսկսումից:











































