Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Էրքան Օզորալը այսօր հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հանդիպման ժամանակ թուրք դիվանագետը հայտարարել է, որ Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մշտապես աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը:
Օզորալը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիային աջակցելու համար: Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանն այդ հարցում Թուրքիայի կողքին է:
Հանդիպման ժամանակ կողմերը ընդգծել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը, գոհունակություն են հայտնել TANAP գազատարի նախագծի ուղղությամբ կատարվող հաջող աշխատանքների համար:
Թուրքիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար:










































