Անդրադառնալով առողջապահության ոլորտում առկա խնդիրներին, «Առաջին լրատվականի»- ի հետ զրույցում նախկին առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը նկատեց, որ այդ խնդիրները բազմազան են և խրթին: Նրա խոսքով՝ առողջապահության համակարգը կապված է անձի անգնահատելի արժեքի՝ առողջության հետ, ուստի խնդիրներ միշտ էլ լինելու են, քանի որ միշտ ձգտելու ենք ավելի առողջ լինել, և առողջապահության համակարգն էլ ձգտելու է տվյալ տնտեսական պայմաններում հնարավորինս ավելի լավ ապահովել հանրային առողջությունը:
Ա. Մկրտչյանը առանձնացրեց ոլորտում առկա մի շարք խնդիրներ՝ սկսած կոռուպցիայից մինչև կադրերի՝ հանրապետության տարածքով ոչ ճիշտ բաշխում:
«Առողջություն պահպանելու և առողջություն վերարտադրելու կամ բուժելու երկու կարևորագույն ուղղություններով զբաղվում է առողջապահության համակարգը: Հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի խնդիրը միայն առողջապահության խնդիրը չէ, այլ պետական միջգերատեսչական խնդիր է»,- նշեց նախկին նախարարը:
Արարատ Մկրտչյանի դիտարկմամբ՝ ուռճեցված առողջապահության համակարգ ենք ժառանգություն ստացել Խորհրդային Միությունից և ժառանգել ենք նաև առողջապահության ոլորտում խորհրդային տարիներին գոյություն ունեցող բացերը:
Ա. Մկրտչյանը նշեց, որ ՀՀ բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքը ընդունվել է 96թ-ին. «20 տարվա վաղեմություն ունի, Ժամանակն է, որ մենք ՀՀ բնակչության առողջության պահպանման մասին մի նոր օրենք ընդունենք, որը համահունչ կլինի ժամանակի պահանջներին»: Նոր օրենքը, ըստ Ա. Մկրտչյանի, հնարավորություն կտա առողջապահության ոլորտի շատ խնդիրներ լուծել:
Ա. Մկրտչյանը տեսակետ հայտնեց, որ մեր քաղաքացիներն իրենց առողջությանը դաժանաբար են վերաբերվում, պետք է ձևավորել առողջ ապրելու մշակույթ: Ըստ նրա՝ ընտանեկան բժշության համակարգի ձևավորվելուն պես մենք կունենանք առողջ հասարակություն:
Մանրամասները՝ տեսանյութում:










































