Ելույթ ունենալով Նյու Յորքում կազմակերպված ներդրումային համաժողովին, որ Հայաստանի կառավարությունը կազմակերպել է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ, Սերժ Սարգսյանը անդրադառնալով Հայաստանի աշխարհագրական դիրքին և քաղաքական իրողություններին՝ հայտարարել էր, որ «հակադրվող շահերի համադրումը դարձել է մեր կենսակերպը»:
Սերժ Սարգսյանն, անկասկած, նկատի ունի այն, որ գտնվելով, ըստ էության, խաչմերուկային դիրքում՝ Հայաստանը պարբերաբար հանդիսացել է աշխարհաքաղաքական բևեռների, գերտերությունների, կայսրությունների հատման կետ, բախման վայր, մարտադաշտ կամ մրցասպարեզ, ինչի բերումով էլ ուղղակի կենսակերպի է հասել այդ ամենը համադրելու անհրաժեշտությունը, քանի որ հակառակ դեպքում դժվար է լուծել անվտանգության և գոյության խնդիրը:
Ներկայումս Նյու Յորքում ակնարկելով այդ մասին՝ Սերժ Սարգսյանն, իհարկե, ոչ թե պատմագրական էքսկուրսի նպատակ ուներ, այլ թերևս ակնարկում էր աշխարհաքաղաքական այն դիմակայությունը, որում աշխարհը գտնվում է այժմ, և որի հատման կետերից մեկն էլ, ըստ էության, Կովկասն է, այդ թվում և հատկապես՝ երևի թե Հայաստանը:
Եվ սա նաև արտացոլվում է հենց ներդրումային այդ համաժողովի իրողությամբ, երբ ԵՏՄ անդամ, Եվրասիական միասնական տարածության մեջ տնտեսական և անվտանգության «երջանկություն» փնտրած Հայաստանն այժմ Նյու Յորքում ներդրումներ է փնտրում տնտեսական ծանր վիճակից դուրս գալու համար: Սակայն այս ամենն ընդամենը ֆոնային առումով ընդգծում են Հայաստանի համար հասունացող առավել լրջագույն մարտահրավերը, երբ իսկապես առավել քան երբևէ սրվում է հակադրվող շահերի բախումը՝ Հայաստանի համար լրջացնելով մարտահրավերը:
Արևմուտք-Ռուսաստան հարաբերության լարումը ոչ միայն չի թուլանում, այլև ըստ էության մտնում է կարծես թե նոր փուլ: Սովորաբար կամ համեմատաբար զուսպ դիրքորոշում ունեցող Ֆրանսիայի նախագահ Օլանդը հրաժարվեց Փարիզում ընդունել Պուտինին:
Աշխարհում եթե նախկինում խոսում էին փորձագիտական մակարդակով միայն, ապա այժմ արդեն դիվանագիտական մակարդակում է խոսվում, որ Ռուսաստանը Սիրիայում թույլ է տալիս ռազմական հանցագործություններ: Միացյալ Նահանգները գրեթե պաշտոնապես մեղադրում է Ռուսաստանին Դեմոկրատական կուսակցության տեղեկատվական բազայի հանդեպ հաքերային հարձակումների և ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքին միջամտելու համար: Այս ամենը դիմակայությունը բերում են նոր փուլ, որն այլևս տնտեսաքաղաքական չէ, այլ առնվազն իրավական կամ քրեաիրավական:
Ահա այս սրվող իրադրությունը Հայաստանի համար իսկապես լուրջ մարտահրավեր է, քանի որ մեծ է հավանականությունը, որ ստեղծված իրավիճակում կարող է մեծանալ նաև Ռուսաստանի ճնշումը Հայաստանը, այսպես ասած, առավել ընդգծված կերպով ճամբարայնացնելու համար, Արևմուտքի դեմ կանգնեցնելու համար:
Եթե այժմ Հայաստանը զգալիորեն զրկված է Արևմուտքի հետ, Եվրաատլանտյան հանրության հետ ազատ, ինքնիշխան հարաբերություններ վարելու հնարավորությունից, քանի որ տագնապում է Ռուսաստանի վատ արձագանքից, ապա կա ռիսկ, որ նոր փուլում Հայաստանին պարզապես կարող են դրդել Արևմուտքի դեմ քայլերի: Եվ սա իսկապես իրական ռիսկ է, ու այդ առումով կարող է շատ նշանակալից լինել ՀԱՊԿ երևանյան Վեհաժողովը:
Հայաստանի, այսպես ասած, անվտանգության ռազմաքաղաքական դաշինքի երևանյան հավաքը ավելի շատ հիմքեր է տալիս մտավախության, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանը կարող է տրամադրվել Արևմուտքի դեմ, քան հիմքեր է տալիս ակնկալելու, որ Հայաստանը կստանա Ադրբեջանի դեմ անվտանգության հավելյալ և առավել հուսալի երաշխիքներ:
Այս ամենին ավելանում է և այն, որ սրվել է Սիրիայում՝ աշխարհաքաղաքական բախման մյուս կիզակետում գտնվող հազարավոր սիրիահայերի կյանքի, անվտանգության հարցը:
Ահա այս իրողություններում Հայաստանը կանգնած է իսկապես բարդագույն դիլեմայի առաջ, որը գործնականում նույնիսկ սարսափելի է դառնում, և այդ դիլեմայից հայացք ենք ձգում այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանի ներսում, այսպես ասած՝ ներքաղաքական կյանքում:











































