Հոկտեմբերի 12-ի առավոտյան Վրաստանի Բաթումի նավահանգիստ է ժամանել ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի Mount Whitney հրամանատարական նավը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության տեղեկատվության համաձայն՝ սա այդ նավի արդեն չորրորդ այցն է, որն իրականացվում է կանոնավոր հաղորդակցության շրջանակներում:
Mount Whitney-ը Բաթումում կմնա մինչև հոկտեմբերի 15-ը: Ներկայիս այցի ընթացքում հանդիպումներ և երկկողմ վարժանքներ կանցկացվեն ամերիկացի դաշնակիցների և ծովային գործընկերների մասնակցությամբ: Ինչպես նշվում է՝ ամերիկյան նավի գործողությունների նպատակը ծովային անվտանգության ամրապնդումն է, ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերների կայունության ապահովումը և նրանց պատրաստվածության մակարդակի բարձրացումը:











































