«Մենք փորձում էինք հնարավորինս զերծ մնալ էմոցիաներից և ֆեյսբուքյան արձագանքներից, որովհետև էմոցիաների հիմնական աղբյուրը ֆեյսբուքյան քննարկումներն են: Ես ստիպված էի այն ժամանակ որոշ մարդկանց հանել իմ ֆեյսբուքյան ընկերների ցանկից, որովհետև նրանց արձագանքը չափից դուրս էմոցիոնալ էր: Իմ տեսակետը տարբերվում էր հուլիսին հայկական հասարակության տեսանկյունից»,- այսօր Կովկասի ինստիտուտում «Սասնա ծռեր» խմբի գործողությունների և հասարակական ընկալումների մասին քննարկման ժամանակ ասաց «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
Նա մեջբերեց Վարուժան Ավետիսյանի խոսքը. «Ժողովուրդը պետք է պայքարի, չենք թողնի, որ մեր երկիրը դառնա ռուսական նահանգ»: Աբրահամյանը նշեց, որ 1992-ից հնչում է նախագահի հրաժարականի պահանջը, դա նոր չէր. «Եվ առաջին անգամ, թերևս, միակ գաղափարական պնդումն էր, որի հետ, եթե խմբի գործողությունները մի կողմ թողնենք, ես համաձայն եմ»:
Ըստ Ա. Աբրահամյանի՝ «Սասնա ծռերի» գործողությունները դատապարտողներն էին ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն. «ՀՅԴ-ն պարզ էր, որ իշխանական կոալիցիայի մաս էր, ՀՀԿ-ին թույլ չէին տալիս խոսելու, որովհետև լարված վիճակ էր, ՀՀԿ-ն մարդկանց նյարդերի վրա ազդում էր և ավելի կգրգռեր: Իսկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ունի իր սպեցիֆիկ մոտեցումները, որը ներկայացրեց «Դատեք ինքներդ» հոդվածում: Նրա դիրքորոշումը չափազանց ոչ ձեռնտու դիրքորոշում էր ՀԱԿ-ի համար: Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն քաղաքական գործիչ է, այլև՝ գիտնական և մտավորական և դա նրա համար ավելի կարևոր է, քան քաղաքական ինչ-որ դիվիդենտներ շահելը: Մի քանի առանցքային հարցերում նա չի փորձել դիվիդենտներ հավաքել:
Մնացած գրեթե բոլոր կուսակցությունները աջակցում էին, ասում էին՝ ոստիկանական գնդի գրավելը սխալ է, բայց… Հայտնի իրավապաշտպանները նույնպես այդ դիրքորոշումն էին հայտնում»: Իսկ «Ժառանգություն» կուսակցությանը, ողջունելով զինված ակցիան՝ պնդում էր, որ տղաները այլ ելք չէին տեսնում:
Արամ Աբրահամյանի գնահատմամբ, ոստիկանները պարտավոր էին շրջապատել ՊՊԾ գնդի տարածքը՝ չթողնելով, որ քաղաքական և ոչ քաղաքական ուժերը ներխուժեին տարածք, զինվեին: Բայց այդ ամենը, նրա խոսքերով՝ մեր «ոստիկանության բնավորության համաձայն՝ արվում էր խուժանավարի»: «Ով էր մեղավոր, որ զինյալ խումբը գրավեց ՊՊԾ-ն՝ նախևառաջ իշխանությունը ՝ԱԱԾ-ն, ոստիկանությունը: Եթե Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում էր զինված հարձակում կազմակերպելու մեջ, ԱԱԾ-ն պետք է լսեր խմբի անդամների խոսակցությունները: Եթե չի իմացել, ուրեմն ԱԱԾ-ն վատ է աշխատում: ՊՊԾ գունդը պահպանելը ոստիկանության սուրբ պարտականությունն էր, ինչը ոստիկանները չարեցին: Հետևաբար՝ ոստիկանությունը խիստ պատասխանատվություն է կրում այդ սխալի համար: Ոստիկանապետը պետք է պատասխան տար: Կառավարության շատ նախարարներ փոխվեցին, բայց ոստիկանապետն ու ԱԱԾ պետը, ինչպես տեսաք, չփոխվեցին»,-նշեց Ա. Աբրահամյանը:
Նրա կարծիքով՝ կառավարության մերժելի դեմքերից հրաժարվելը ցույց է տալիս, որ իշխանությունը ՊՊԾ գնդում կատարված գործընթացներից հետևություններ է արել:
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ հուլիսյան իրադարձությունները հենց այնպես չստեղծվեցին: Ըստ նրա, Շանթ Հարությունյանի հետ կապված դեպքը շատ նման էր «Սասնա ծռերի» գործողություններին, երբ անհասկանալի էր, թե ինչ են անում, ինչ նպատակ ու ծրագիր ունեն, խումբը հավաքվել էր պատահական ինչ-որ եղանակով: Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ՀՀԿ-ն 2012-ի ընտրություններում բոլոր կարևոր պորտֆելներն իրենով արեց՝ տեղ չթողնելով այլ քաղաքական ուժերի՝ քաղաքական որոշումների վրա որևէ ազդեցություն ունենալ:
Իսկանդարյանը հակադարձեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի այն տեսակետին, որ եթե ԱԱԾ-ն, ոստիկանությունը իրենց գործը լավ կատարեին, չէր լինի զինված հարձակումը:
Ալեքսանդր Իսկանդարյանն նշեց, որ այդպիսի սինդրոմ կա՝ հասարակությանը թվում է, որ եթե «վատ տղերքին» լիկվիդացնեն, կգան «լավ տղերքը». «Երբ երկրում այդպիսի քննարկումներ են ծավալվում, ապա մեծ է հավանականությունը, որ ահաբեկչական գործողություններ կլինեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































