Ջիմ Քերիի նախկին ընկերուհու՝ անցած տարվա սեպտեմբերին մահացած Քաթրիոն Ուայթի մայրը Լոս Անջելեսի դատարան հայց է ներկայացրել՝ հոլիվուդյան դերասանին մեղադրելով անօրինական գործողությունների հետևանքով դստեր մահվան հետ կապ ունենալու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բրիջիտ Սուիթմանը պնդում է, որ իր դուստրը մահացել է ապօրինի դեղամիջոցներից գերդոզավորման հետևանքով, որոնք ձեռք էր բերել Ջիմ Քերին: Կինը հայտարարում է, որ դերասանը պետք է ամաչի աղջկա հետ այդպես վարվելու համար:
«Որպես ընտանիք՝ մենք ուզում ենք, որ աշխարհն իմանա ճշմարտությունն այն մասին, թե իրականում ով է Ջիմ Քերին՝ մարդ, որը ձեր դստերը վարակում է սեռական ճանապարհով փոխանցվող 3 վարակներով, ստում է այդ մասին, նրան սարսափելի բառերով է անվանում, ստորացնում է, օգտագործում է իր թանկարժեք փաստաբաններին՝ նրան և նրա ընտանիքին փորձության ենթարկելու և լռեցնելու համար, իսկ հետո նրան ապօրինի դեղեր է տալիս»,- ասվում է Լոս Անջելեսի դատարան ներկայացված փաստաթղթում:
Անցած տարվա սեպտեմբերին ոստիկանները Քաթրիոն Ուայթի մարմինը հայտնաբերել են Լոս Անջելեսի նրա տանը: Հնարավոր է, որ նա ինքնասպան է եղել՝ ընդունելով մեծ քանակությամբ դեղամիջոցներ: ԶԼՄ-ները հայտնել են, որ մահից մի քանի ժամ առաջ նա և Քերին խզել էին հարաբերությունները:








































