Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով Եվրասիական իսլամական խորհրդի 9-րդ նիստի բացման ժամանակ, հայտարարել է, որ ահաբեկչությունն առիթ է դառնում իսլամական երկրների գործերին միջամտելու համար:
«Մի շարք ուժեր ահաբեկչության պատրվակով փորձում են պառակտում մտցնել մուսուլմանների շարքերում, որոնք միևնույն ժամանակ դառնոմ են լուրջ մեղադրանքների օբյեկտ:
Ուշադրություն դարձրեք, որ Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում ու Ասիայի հարավում իրականացված ահաբեկչություններից զոհվում են մուսուլմանները, իսկ մարդասպանները նույնպես իրենց անվանում են մուսուլմաններ:
Այդ ամենը դառնում է ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով իսլամական երկրների գործերին միջամտելու առիթ: Միջդավանաբական դիմակայությունը ևս մեկ պատճառ է, որը նախադրյալներ է ստեղծում իսլամական գործերին միջամտելու համար:
Այսօր Իրաքը, Սիրիան, Եմենը, նախկինում՝ Լիբանանը, իսկ ինչ-որ ժամանակ նաև Թուրքիան դարձել են այդ խաղերի մասը, որոնք այսօր էլ շարունակվում են:
Ես ամեն հնարավորության դեպքում կրկնել եմ և հիմա էլ ասում եմ, որ ինձ կարող են սխալ հասկացած լինել, սակայն ես մուսուլմաններին չեմ տարանջատում շիաների ու սուննիների: Ես իսլամի հետևորդն եմ»,- ասել է նա:







































