«Առաջին լրատվական»-ի հավաստի աղբյուրների համաձայն՝ այս պահին Կապանում «Գանձասար» ակումբի նախագահ և հովանավոր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանն ու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «Գանձասար» ակումբի գրասենյակում քննարկում են թիմի՝ Հայաստանի առաջնությանն իրենց մասնակցությունն ընդհատելու հարցը:
Հիշեցնենք, ՀՖՖ կարգապահական կոմիտեն «Գանձասար»-«Փյունիկ» խաղին հանդիսատեսների խուլիգանական արարքների պատճառով որոշում էր կայացրել, համաձայն որի Կապանի թիմը 5 տնային խաղերը պետք է անցկացնի առանց հանդիսատեսների և վճարի 150,000 դրամ տուգանք:
ՀՖՖ-ի տարածած հաղորդագրությունից հետո լուրեր տարածվեցին, որ «Գանձասար»-ի ղեկավարությունը որոշել է հրաժարվել Հայաստանի առաջնությանը մասնակցելուց: Ակումբը լուրերը չի հերքում: Ակնկալվում է, որ վերոնշյալ խորհրդակցությունը կտա բոլոր հարցերի պատասխանները. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վլադիկ Առաքելյանն ասաց, որ վաղն առավոտյան ամեն ինչ պարզ կլինի:







































