Մի խումբ հալեպահայեր այսօր Դուբայի չվերթով հասան Հայաստան:
«Չգիտենք մեզի ով օգնեց է, բայց շատ շնորհակալ ենք մեզի օգնողին»,- Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մեզ հետ զրույցում ասաց սիրիահայ տղամարդը, ով Հայաստան է հասել ընտանիքի՝ կնոջ և մանկահասակ երեխաների հետ: Ընտանիքը Հալեպից դուրս է եկել չորեքշաբթի առավոտյան, որտեղից մեկնել են Լիբանան, մեկ օր մնացել են այնտեղ և հիմա արդեն Հայաստանում են:
«Վիճակը շատ վատ է Հալեպում, մարդ արարածն այլևս չի կարող հոն ապրիլ, վտանգավոր է,- նշեց տղամարդը,- ամեն երկվայրկյան ռումբ կա»:
Նա պատմեց, թե ինչու որոշ սիրիահայեր այդ պայմաններում շարունակել են ապրել Հալեպում: Նրա խոսքով՝ մեկը տարեց ծնողներ ունի, մյուսը նյութական խնդիրներ ունի, հնարավորություն չունեն ինքնուրույն տեղափոխվել, սպասում են օգնության: Հալեպահայը հույս ունի, որ այստեղ՝ հայրենիքում կկարողանա հաստատվել արդեն մտածում է հարմար գործ գտնելու մասին:
Երիտասարդ հալեպահայուհին նշեց. «Շատ ցավալի է վիճակը… մարդիկ շատ կուզեն գալ, իրենց հայրենիքում ապահով ապրիլ, բայց գումար չունեն: Եթե ասանկ օգնություններ ըլլան, մեր հայ ժողովուրդը հոն տեղ կփրկվի: Բոլորը կուզեն գալ, որովհետև կյանքը հոն ապահով չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































