Կորեայի միավորման գործերով հարավկորեական նախարարության ղեկավար Ռյու Կիլ Չժեն կիրակի օրը կոչ է արել «եզրափակիչ բանակցություններ» իրականացնել ԿԺԴՀ-ի հետ՝ Քեսոն արդյունաբերական գոտու համատեղ աշխատանքների կարգավորման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Ռենհափ» գործակալությունը:
«Մենք Հյուսիսային Կորեային կոչ ենք անում հստակ պատասխան տալ աշխատանքների վերականգնման վերաբերյալ»,- հայտարարել է Ռյու Կիլ Չժեն: Նախարարն ընդգծել է, որ հակառակ դեպքում Հարավային Կորեան ստիպված կլինի «լուրջ որոշումներ ընդունել հարավկորեական ընկերության հետագա նյութական և բարոյական վնասները կանխարգելելու համար»: Սակայն նա չի պարզաբանել, թե ինչ որոշումների մասին է խոսքը:
Ռյու Կիլ Չժեն ընդգծել է նաև, որ Հարավային Կորեան «մտադիր է զարգացնել միջկորեական հարաբերությունները՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա»: Իսկ վերոնշյալ հանդիպումները «կարելի է համարել մի շարք աշխատանքային հադիպումների շարունակությունը» կամ հուլիսյան բանակցությունների 7-րդ փուլը: