Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընթացիկ ամսվա վերջին կժամանեն տարածաշրջան:
Նրա խոսքով՝ այցի ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ: Ամերիկացի համանախագահն ընդգծել է, որ իրենք հուսով են այցի շրջանակներում հանդիպել երկու երկրների նախագահների հետ:
Ուորլիքը նաև հայտնել է, որ ողջունում է հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալելու պատրաստակամության մասին Ֆրանսիայի առաջարկը. «Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներ, համագործակցում են միմյանց հետ՝ միջնորդական ջանքերը շարունակելու համար, որոնք ուղղված են շարունակական խաղաղության հաստատմանը»:
Ամերիկացի դիվանագետը պատասխանել է նաև հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ բանակցություններում դադար տալու հնարավորությանը. «Ես լիազորված չեմ մեկնաբանելու Հայաստանի ընտրությունները: Սակայն կողմերը հավատարիմ են խաղաղ կարգավորմանը, և մենք չենք կարծում, թե որևէ բան կփոխվի»:











































