Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր կուսակիցների հետ նիստի ժամանակ դատապարտել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը:
Քըլըչդարօղլուն հիշեցրել է, որ 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ իսրայելցի կոմանդոսները համանուն նավի վրա սպանել են Թուրքիայի 9 քաղաքացու, ինչն էլ սկիզբ է դրել Իսրայելի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացմանը:
Քըլըչդարօղլուն Թուրքիայի իշխանություններին մեղադրել է խիղճ չունենալու համար՝ ընդգծելով, որ նրանք երկրի հեղինակությունն Իսրայելին վաճառեցին 12 միլիոն դոլարով՝ նկատի ունենալով «Մավի Մարմարայի» միջադեպի համար Իսրայելի կողմից փոխհատուցում վճարելը:
«Միջազգային ջրերում սպանվեց մեր 9 քաղաքացի: Նրանք ասում էին, որ եթե Իսրայելը չվերացնի Գազայի հատվածի շրջափակումը, ապա չի լինի հաշտեցում: Շրջափակումը, սակայն, շարունակվում է: 9 զոհված քաղաքացիների համար ներկայացված դատական հայցերը հետ են վերցվում: Երկրի հեղինակությունն Իսրայելին վաճառեցիք 12 միլիոն դոլարով»,- ասել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, թե Իսրայելը «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ զոհվածների ընտանիքներին փոխանցել է 20 միլիոն դոլար:










































