ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը քննադատել է բժշկական ապահովագրության համակարգը երկրում ներկայիս նախագահ Բարաք Օբամայի բարեփոխումից հետո և այն անվանել «խելահեղ»։ Այս մասին փոխանցում է France Presse-ը։
Օբամայի բարեփոխումները Կոնգրեսի կողմից ընդունվել էին 2010 թվականին և թույլ տվել միլիոնավոր մարդկանց ստանալ սուբսիդավորվող բժշկական ապահովագրություն։ Այն կարող էին նաև ստանալ միլիոնավոր չապահովագրված ամերիկացիներ։
«Մեզ մոտ առկա է խելահեղ համակարգ, որում ավելի քան 25 մլն մարդ հանկարծակի հասանելիություն են ստանում բժշկական ծառայություններին»,- հայտարարել է Քլինթոնը՝ ելույթ ունենալով Միչիգան նահանգի Ֆլինթ քաղաքում։ Նա հավելել է, որ նրանց ապահովագրավճարները կրկնապատկվում են, իսկ բժշկական սպասարկման հնարավորությունները՝ կրկնակի կրճատվում։ Նրա կարծիքով՝ այդ համակարգը չի աշխատում։
Որոշ անհատ ձեռնարկատերերի կամ փոքր ձեռնարկությունների տերերի համար ապահովագրավճարը մեծացել է՝ կապված ապահովագրական շուկայում անկանխատեսելի հետևանքների հետ։ Ինչպես նշել է Քլինթոնը՝ բարեփոխումները, որոնք առաջարկում է իր կինը՝ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը, թույլ կտան ստանալ բժշկական օգնություն ցածր եկամտով անձանց։
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է երախտագիտություն հայտնել Քլինթոնին ազնվության համար։ Սակայն Թրամփն ակնարկել է, որ Քլինթոնը, ըստ ամենայնի, դժոխքի միջով է անցել այդ հայտարարությունից հետո՝ նկատի ունեալով նրա կնոջ արձագանքը։










































