ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Մայք Փենսը հաղթել է դեմոկրատ մրցակից Թիմոթի Քեյնի հետ հեռուստադեբատներում, որոնք կայացել են Ֆարմվիլի (Վիրջինիա) Լոնգվուդ համալսարանում։ Այս մասին են վկայում դեբատներից հետո CNN հեռուստաալիքի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները։
Համաձայն հարցման՝ Փենսին հաղթող է համարել հարցվածների 48 տոկոսը, Քեյնին՝ 42 տոկոսը։ Դա առաջին և միակ բանավեճն էր ԱՄՆ երկու առաջատար կուսակցություններից փոխնախագահի թեկնածուների միջև։
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, որը բանավեճի ընթացքում ակտիվորեն մեկնաբանություններ էր անում Twitter-ում, միջոցառման ավարտից հետո միկրոբլոգում հայտնել է Փենսի հաղթանակի մասին։
ԱՄՆ նախագահի թեկնածուների համար ծրագրված է դեբատների երեք ռաունդ։ Առաջինը կայացել է սեպտեմբերի 26-ին՝ Նյու Յորքի Հոֆսթա համալսարանում։ CNN-ի կողմից հարցման ենթարկվածների 62 տոկոսը հաղթող էր համարել Քլինթոնին։ Երկրորդ ռաունդը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին՝ Սենթ Լուիսում (Միսուրի), երրորդը՝ հոկտեմբերի 19-ին՝ Լաս Վեգասում (Նևադա)։










































