Tuesday, 16 06 2026
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում

Կուրսանտի սպանության գործով կարևոր վկան ռազմական ոստիկանությունում ճնշումների է ենթարկվել. նա փոխում է ցուցմունքը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական քննությունը:

Կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Ամբաստանյալների շարքից առանձին է նստում նաև արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, նա մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Նախորդ դատական նիստին հարցաքննվեց այս՝ ծեծի դրվագով տուժող Արտուշ Սիմոնյանը, ով բացի տուժող լինելուց, սպանության գիշերը եղել է օրապահ ու նախաքննության սկզբում տվել է սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներին մերկացնող ցուցմունքներ, այսինքն՝ գործով համարվում է նաև կարևոր վկա…

Նախաքննության կեսից Արտուշ Սիմոնյանը հայտարարել է, թե մինչ այդ ժամանակը տված ցուցմունքները սուտ են, իրականությանը չեն համապատասխանում, ինքը սպանության գիշերը վատ է կատարել իր ծառայական պարտականությունները, գիշերային հերթապահություն համարյա չի կատարել, քնել է ու չի տեսել չորս ամբաստանյալներին…

Նույնը տուժող Սիմոնյանը կրկնեց նաև դատարանում՝ պատճառաբանելով, թե սպանությունից հետո եղել է բարոյահոգեբանական ծանր վիճակում, ռազմական ոստիկանությունում վախեցել է ու տվել է իրականության հետ կապ չունեցող հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ:

Դատարանը այս դատական նիստին հրապարակեց Արտուշ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքները, ապա դատավարության կողմերը բազմաթիվ հարցեր տվեցին Սիմոնյանին:

Որպես վկա հարցաքննված Սիմոնյանը նախ հայտնել է, թե սպանության վերաբերյալ «արտառոց ոչինչ չի նկատել»: Այդ երեկո իրենց մասնաշենքի երրորդ հարկում մի խումբ կուրսանտներ, իր իմանալով, ծնունդ են նշել. պայուսակներով ու փաթեթներով ինչ-որ բաներ են տարել երրորդ հարկ, և երկրորդ հարկում լսվել են «ուրախության ձայներ»:

Ինքը՝ Սիմոնյանը, այդ գիշեր եղել է օրապահ: Գիշերը, երբ գտնվել է միջանցքում, տեսել է, որ Գնելը, Խաչիկը, Նորիկն ու Մովսեսը երրորդ հարկից թևանցուկ արած իջեցրել ու դուրս են բերել Հայկազ Բարսեղյանին, ով եղել է ձմեռային բաճկոնով, գլխարկով ու ձեռնոցներով: Իջնելու պահին Հայկազի դեմքը Սիմոնյանը չի տեսել: Առավոտյան նա արթնացել ու իմացել է, որ Հայկազ Բարսեղյանի անկողինն ամբողջովին արյունոտ է, իսկ Հայկազը չկա: Քիչ անց բարձր գոռոց է լսվել. Հայկազին գտել են մարզահրապարակում պտտաձողից կախված…

Արտուշ Սիմոնյանը համանման, ավելի ընդարձակ ցուցմունք էլ է տվել, որտեղ ըստ ժամերի՝ մանրամասն նկարագրել է, թե որպես օրապահ՝ որ ժամին որտեղ է գտնվել: Նրա հետ հերթապահող Ավետիսը, ըստ այդ ցուցմունքի, հերթապահելու փոխարեն գնացել է ընկերներին տեսնելու, Սիմոնյանը հերթապահել է Ավետիսի փոխարեն: Ավետիսի հերթապահության ժամերը փոխադարձ պայմանավորվածությամբ այնպես են փոխել, որ Ավետիսը միջանցքում լինի հերթապահ սպայի ստուգման պահին ու բարձր գնահատական ստանա, քանի որ Ավետիսը «լավ սովորող էր»:

Ըստ Արտուշ Սիմոնյանի ցուցմունքի՝ ինքը գտնվել է լվացարանում, այնտեղից դուրս է եկել ու աստիճանների ճաղերի արանքներով տեսել է, որ երրորդ հարկից իջնում են հինգ հոգի՝ չորս ամբաստանյալներն ու Հայկազ Բարսեղյանը: Հայկազին տանում էին թևանցուկ արած, քարշ տալով: Ինքը ենթադրել է, թե բոլոր հինգ կուրսանտները Վաչեի ծնունդը նշել, խմել են, երևի Հայկազն էլ է խմել, նրան տանում են մաքուր օդ շնչելու…

Նույն գիշեր, ըստ Սիմոնյանի, ինքը տեսել է, որ ինչ-որ մեկը մաքրում է երրորդ հարկից իջնող աստիճանները: Մաքրողին տեսել է հետևից, դեմքը չի տեսել, բայց մարմնակազմությամբ ու շարժուձևով նմանեցրել է Մովսես Ազարյանին:

Նույն ցուցմունքի մեջ Սիմոնյանը նաև նշել է, որ երբ հայտնաբերվել է Հայկազ Բարսեղյանի մարմինը, բոլորը խառնվել են իրար, ինքը տեսել է չորս կուրսանտներին՝ Գնելին, Վաչեին, Նորիկին ու Մովսեսին, նրանք անտրամադիր են եղել, մեկը մյուսին ասել է. «Հանգստացի, լավ ավարտվեց»: Նրանք մոտեցել են նաև օրապահ Ավետիսին ու հարցրել են՝ Հայկազին դուրս գալիս չե՞ք տեսել: Ավետիսն ասել է՝ չէ:

Սիմոնյանը նշել է, որ այն պահին, երբ ինքը տեսել է հինգ կուրսանտներին գիշերով իջնելիս, չգիտեր՝ կոնկրետ՝ ում են իջեցնում չորսով: Երբ հայտնի է դարձել սպանության մասին, Սիմոնյանը լավագույն կուրսանտների լուսանկարների շարքում տեսել է Հայկազի լուսանկարը ու հասկացել է, որ նրան էին իջեցնում…

Նախաքննության ժամանակ տված ցուցմունքով Արտուշ Սիմոնյանը միանշանակ հայտնել է նաև, որ սպանությունից օրեր առաջ լսարանում խոսելու համար Վարազդատ Սաֆարյանն իրեն դիտողություն է արել, ապա ապտակել, հետո էլ ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել, ինչից պատռվել է իր շրթունքը, ու արյուն է եկել:

Որոշ ժամանակ անց Արտուշ Սիմոնյանը հերթական հարցաքննության ժամանակ քննիչին հայտարարել է, թե իրականում ինքը չի տեսել, որ չորս կուրսանտները սպանության գիշերն իջեցնեին Հայկազ Բարսեղյանին: Ինքը ստել է՝ վախենալով, որ եթե ասի, թե ոչինչ չի տեսել, իրեն կմեղադրեն վատ հերթապահելու, պարտականությունները վատ կատարելու համար: Սպանության գիշերը ինքը, չնայած օրապահ է եղել, բայց հիմնականում քնել է ու ոչինչ չի տեսել…

Քննիչը հարցրել է, թե այդ դեպքում ինչո՞ւ է կոնկրետ անուններ տվել՝ ովքեր էին իջնում աստիճաններով, ում էին իջեցնում: Սիմոնյանը պատասխանել է, որ ընդհանուր խոսակցություններից լսել էր, որ այդ չորս կուրսանտներին են կասկածում սպանության համար, դրա պատճառով նրանց անուններն է տվել…

Այն հարցին, թե ինչո՞ւ է նույնաբովանդակ բացատրություն տվել նաև ծառայողական քննության ժամանակ, Սիմոնյանը պատասխանել է՝ որ ցուցմունքները տարբեր չլինեն…

Այդ բացատրության մեջ ևս Սիմոնյանը նկարագրել է, ընդ որում՝ ավելի «գեղարվեստական» լեզվով է նկարագրել, թե չորս կուրսանտներն ինչպես են քարշ տալով իջեցրել ձմեռային բաճկոնով, ձեռնոցներով ու գլխարկով Հայկազին: Նրանք, ըստ Սիմոնյանի, «քիփ» էին իջնում ու իրեն չեն տեսնում…

Նա պնդել է, որ իր նկատմամբ ոչ ոք բռնություն չի գործադրել, իրեն ոչ ոք չի սպառնացել, ինքն իր մտածելով է սուտ ցուցմունք տվել:

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո Արտուշ Սիմոնյանն ընկավ հարցերի տարափի տակ: Նախ նա ասաց, որ նախաքննական ցուցմունքներն իր ձեռքով ու իր կամքով է գրել:

Շատ կցկտուր վերհիշեց, թե ինչպես է Վարազդատ Սաֆարյանը լսարանում խոսելու համար քաշքշել, քաշքշելու ընթացքում էլ «երևի» ապտակել է իրեն, ինչից իր արդեն իսկ ճաքած շրթունքից արյուն է եկել…

Ինչ վերաբերում է չորս ամբաստանյալների վերաբերյալ նախաքննության սկզբում գրած մեղադրական ցուցմունքներին, Արտուշ Սիմոնյանն ասաց, թե այդ ցուցմունքները տալու ժամանակ իր հոգեբանական վիճակը կայուն չի եղել: Չէ, իրեն չեն ուղղորդել ռազմական ոստիկանությունում, բայց այնտեղ իրեն «մի քիչ» ճնշել են կամ ինքն է վախեցել… Պահանջել են, որ ճիշտ ասի, չեն հավատացել, որ միջանցքում օրապահի պարտականություններ կատարողը կարող է տեսած չլինել, թե ովքեր են գիշերն իջնում-բարձրանում:

«Ոչինչ չտեսած» Արտուշը, որպեսզի բավարարի ռազմական ոստիկանությունում իրենից ունեցած սպասումները, «հորինել է» գիշերային «շարժը»՝ չորս կասկածյալներն իջնում ու քարշ տալով իջեցնում էին տուժողին… «Հորինել եմ, որովհետև վախենում էի, չէի ուզում քաշքշուկի մեջ ընկնել… Ռազմական ոստիկանությունում ճնշում եղել է՝ ինձ վրա գոռացել են, ասել են՝ ճիշտն ասա, մեկ-մեկ էլ՝ քաշքշել են… Այդ ամենի մասին քննիչի մոտ չեմ ասել, որովհետև վախեցել եմ…»:

Մեղադրողը միջամտեց ու տեղեկացրեց, որ ռազմական ոստիկանությունում գործադրված ճնշումների ու բռնությունների վերաբերյալ Գնել Թևոսյանի հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվել, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է: Նյութերի նախապատրաստության շրջանակներում բացատրություն է վերցվել նաև Արտուշ Սիմոնյանից, ով հայտնել է, թե ռազմական ոստիկանությունում իր նկատմամբ ճնշում չի եղել…

Պատասխանելով կողմերի հարցերին՝ Սիմոնյանը նշեց, որ գիշերվա ժամը մեկից հետո ինքն իրոք տեսել է, որ մեկը մաքրում էր երրորդ հարկից իջնող աստիճանները: Սովորաբար միջանցքի մաքրությունն ավարտվում է մինչև կեսգիշեր, բայց հավանաբար երրորդ հարկի օրապահը կեղտոտված տեղ էր տեսել ու պահանջել էր մաքրել: Ինքը մաքրողին նմանեցրել է Մովսեսին, բայց նույն մարմնակազմվածքով շատ կուրսանտներ կային, ինքը Մովսեսի անունն է տվել, քանի որ նա չորս կասկածյալներից մեկն էր…

Արտուշ Սիմոնյանը, ով դատարանում երկօրյա հարցաքննության ժամանակ աչքի չընկավ վառ երևակայությամբ, նշեց, որ աստիճանների վրա սպանության գիշերը չորս ամբաստանյալների կողմից տուժող Հայկազին իջեցնելու դրվագը ամբողջովին իր «մտահղացումով» է նկարագրել՝ հագուստը, ով՝ Հայկազի որ կողմից էր բռնած, ով՝ ինչպես էր իջնում…

Արտուշ Սիմոնյանին նախաքննության սկզբում, երբ ցուցմունքներ էր տալիս չորս մեղադրյալների դեմ, չեն առերեսել նրանց հետ:

Սիմոնյանը մի քանի անգամ կրկնեց, որ ռազմական ոստիկանությունում են ասել, որ չորս կուրսանտներն են կատարել սպանությունը ու չեն հավատացել, որ ինքը, լինելով երկրորդ հարկի միջանցքում, կարող էր չտեսնել երրորդ հարկից իջնողներին:

Ցուցմունքները տալու ժամանակ Սիմոնյանն արդեն գիտեր, որ Հայկազին սպանել էին անկողնում, նրան արդեն սպանված վիճակում էին իջեցնում, ու եթե չորս կուրսանտներն էին նրան սպանել, ուրեմն հենց նրանք էլ պիտի իջեցնեին…
«Ինձ վրա գոռգոռում էին ռազմական ոստիկանությունում, ասում էին՝ ճիշտը ասա… Ռազմական ոստիկանությունում քաղաքացիական հագուստով մարդիկ էլ կային, ինձ հարցաքննել են տարբեր սենյակներում…»:

Այնուհետև Արտուշ Սիմոնյանը նշեց, որ հետագայում քննիչին ոչինչ չի ասել իր նկատմամբ եղած ճնշումների մասին, որովհետև վախեցել է ռազմական ոստիկանությունից… Քննիչի մոտ ճիշտն ասել է մոտ երեք-չորս ամիս հետո, բայց դարձյալ չի ասել, որ իր նկատմամբ եղած ճնշումների պատճառով է սուտ ցուցմունք տվել, ասել է, թե ստել է՝ սպանության դեպքից վախեցած լինելով…

Ըստ Սիմոնյանի՝ քննիչը դատախազին ներկայացրել է, որ տուժողը ցանկանում է փոխել ցուցմունքը, դատախազը «թույլատրել է», այդ ժամանակ էլ ինքը փոխել է. «Մտածեցի՝ դատական նիստի ժամանակ չեմ կարողանա հիմնավորել, թե իրանց ոնց եմ տեսել… Ծառայողական քննության ժամանակ էլ չեմ ասել, որ ռազմական ոստիկանությունում իմ նկատմամբ ճնշում է եղել, քանի որ հետո խնդիրներ կառաջանային, նոր գործ կբացվեր, իրանք էլ կգային բացատրություն տալու…»:

Սիմոնյանը պնդեց, որ Հայկազ Բարսեղյանին նույնիսկ չի ճանաչել, նրա անունը լսելով՝ միայն լուսանկարը նայելուց հետո է հասկացել, թե ով էր… Չորս ամբաստանյալներին դեմքով իմացել է, իմացել է նրանց անունները, բայց ազգանունները չի իմացել, դա էլ հուշել են ռազմական ոստիկանությունում: Այն, որ երկու հոգի Հայկազին թևանցուկ արած՝ իջեցնում էին՝ իր «մտահղացմամբ» է գրել. «Լսել էի, որ ծնունդ էին նշել, ասում էին՝ խմել են, դե ես էլ հորինեցի՝ յանըմ Հայկազը նրանց հետ էր», ուրեմն նա էլ խմած կլիներ, դրա համար էլ թևանցուկ արած՝ իջեցնում էին… Հայկազի հագուստը՝ բաճկոնը, ձեռնոցները, գլխարկը նկարագրել է, որովհետև ռազմական ոստիկանությունում իրեն ցույց են տվել պտտաձողից կախված Հայկազի լուսանկարը…

Հարցերը բոլորովին շփոթեցրին Արտուշ Սիմոնյանին, նա հայտարարեց, որ կաշկանդված է… մթնոլորտից. «Հիմա էլ վախենալով եմ ասում…»:

Տուժող Սիմոնյանին հարց ուղղեց ամբաստանյալ Նորիկ Սահակյանը. «Դուք ինձ հիշո՞ւմ եք ռազմական ոստիկանության միջանցքում»:

«Այո»:

«Ձեր ձախ այտը կարմրած էր, ինչո՞ւ»:

«Չեմ հիշում»,- ասաց Սիմոնյանը:

«Կաբինետում քաղաքացիական հագուստով անձը չի՞ ապտակել»,- շարունակեց հարցերը ամբաստանյալ Նորիկը:

«Ապտակ էղել ա… քաշքշուկի ընթացքում կարային և ապտակեին… շատ մարդիկ կային քաղաքացիական հագուստով ու համազգեստով… Կարող էր մի քանի ապտակ լինել…»,- բոլորովին խառնվեց Սիմոնյանը: Ապա նորից պնդեց, որ ինքը կաշկանդված է…

Այնուամենայնիվ, Արտուշ Սիմոնյանը նշեց, որ ռազմական ոստիկանությունում իրեն մեկ անգամ ապտակել են, ինքը վախեցել ու սուտ ցուցմունք է տվել… Երբ դատախազը հարցրեց, թե ինչ տարիքի էին ռազմական ոստիկանությունում նրան ապտակողները, Սիմոնյանը պատասխանեց՝ 40-ից բարձր, 39…

Սիմոնյանի այս պատասխանը մեղադրողը համարեց նրա հոգնածության, արդեն ոչ ադեկվատ վիճակի հասնելու արտահայտություն:

Ապա դատական նիստն ընդմիջվեց տուժող Սիմոնյանի խնդրանքով, նրա կաշկանդվածությունն ավելացել էր:

Ընդմիջումից հետո մեղադրողը միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ տուժող Սիմոնյանի վիճակը այնքան էլ լավ չէ՝ ըստ մեղադրողի, Սիմոնյանն ինքը ընդմիջման ժամանակ ոստիկաններին խնդրել էր, որ նիստը հետաձգվի…

Պաշտպանները դեմ էին նիստը հետաձգելուն՝ պատճառաբանելով, որ մինչև հաջորդ նիստը տուժողի վրա նոր ճնշումներ կարող են լինել:

Նախագահողը տուժողի հարցաքննությունը հայտարարեց ավարտված: Քանի որ տուժողը ռազմական ոստիկանությունում կատարված ենթադրյալ հանցագործության մասին տվյալներ հայտնեց իր դատաքննական ցուցմունքի ժամանակ, նախագահողը որոշեց, որ պետք է դիմել գլխավոր դատախազին, որպեսզի ստուգվի տուժող Սիմոնյանի հայտնած հանգամանքների իսկությունը…

Հաջորդ դատական նիստին կշարունակվի տուժող ճանաչված կուրսանտների հարցաքննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում