Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի գիտական ու տեխնոլոգիաների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում ներդրումները կարևոր են Թուրքիայի զարգացման համար:
«Թուրք ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել ու աջակցել է գիտական մշակումներին: Օմար Խայամ և Ֆարաբի, Իբն Սինա և Ալ Ջազիրա, Իբն Խալդուն ու Ալ Բիրունի, Ալի Քուշչու և Խեզարֆեն Ահմեդ Չալաբի՝ այս բոլորը համաշխարհային մակարդակի անուններ են, և այդ մարդիկ տարբեր ժամանակ զբաղվել են գիտության տարբեր ոլորտների հետազոտությամբ»,- ասել է նա:
Էրդողանն ափսոսանք է հայտնել, որ Արևմուտքում գիտության ու տեխնոլոգիաների կտրուկ զարգացման ժամանակաշրջանում և հատկապես վերջին 200 տարում, ժամանակակից Թուրքիայում գիտական միտքը հետ է մնացել արևմտյանից. «Մենք գիտենք, որ 1.7 միլիարդանոց իսլամական աշխարհի ու 300 միլիոնանոց թյուրքական աշխարհի հույսն ենք: Հենց դրա համար էլ մենք մինչև 2023 թվականը գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում մեր առջև դրել ենք կարևոր նպատակներ»:









































