Գերմանական DPA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիան շահագրգռված է բարեփոխումների իրագործման ճանապարհին աջակցել Իրանին և պատրաստ է էլ ավելի մեծ ջանքեր գործադրել երկկողմ առևտրային հարաբերությունները վերականգնելու համար:
Այդ մասին Իրան կատարած երկօրյա այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը, որին ուղեկցում են մեծ թվով գերմանացի գործարարներ:
«Քաղաքական տեսանկյունից մենք շահագրգռված ենք Իրանի ներկայիս կառավարությանը բաց կուրս որդեգրելու ճանապարհին աջակցելու հարցում»,- ասել է նա: Գաբրիելը միաժամանակ կոչ է արել առևտրային հարաբերությունները վերականգնելու հարցում զինվել համբերատարությամբ:
«Չպետք է հրաշք ակնկալել: Եթե 10-15 տարի մեկուսացվել ես համաշխարհային շուկայից, ապա հնարավոր չէ տնտեսական շուտափույթ հաջողություն: Գերմանական տնտեսությունը պատրաստ է գործադրել էլ ավելի մեծ ջանքեր՝ առևտրային հարաբերությունները վերականգնելու համար»,- նշել է նա:
Գաբրիելը մտադիր է տնտեսական հարցերից բացի Իրանի ղեկավարության հետ քննարկել Սիրիայի հարցը: Նա այսօր Թեհրանում բացել է երկկողմ տնտեսական ֆորումը և անցկացնելու է գերմանա-իրանական տնտեսական հանձնաժողովի նիստը, որն առաջինն է վերջին 15 տարում:











































