Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայի արևելյան հատվածի զարգացման համար ներկայացրել է մի վիթխարի նախագիծ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Վանի նահանգին։ Ակնկալվում է, որ այսօր Վանում կայանալիք նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ էրդողանը հանդես կգա այդ մասին հայտարարությամբ։
Վանում 20,000 հեկտար հողատարածքի վրա կառուցվելու է նոր քաղաք` «Նովրուզի հրաշքների երկիր», որը վերածվելու է զվարճությունների, առևտրային, զբոսաշրջային, մարզական ու մշակութային կենտրոնի։ Կառուցվելու է 58,000 բնակարան, 4 մեծ հյուրանոց, ինչպես նաև Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ամենամեծ փակ ակվապարկը (141,000 խորանարդ մետր ջրով)։ Բացի այդ, կառուցվելու է խոշոր բաց ակվապարկ (308,000 խորանարդ մետր ջրով)։
Նախագծի մեջ են մտնում նաև հարյուրավոր առևտրային կենտրոնների, մարզադահլիճների, կոնֆերանսի դահլիճների կառուցումը։ Վանում բացվելու է Թուրքիայի առաջին ռազմական թանգարանը, որը նվիրված է լինելու 1514 թվականի օգոստոսի 23-ին տեղի ունեցած Չալդըրանի ճակատամարտին, որտեղ սուլթան Սելիմ Ահեղի զորքերը պարտության են մատնել Իրանի շահ Իսմայիլի զորքերին։
Այս ամենի նպատակը և՛ արտագաղթի կանխումն է տարածաշրջանից, և՛ ահաբեկչության դեմ զորեղ քայլ կատարելը։
Նախագիծը գնահատվում է 3 միլիարդ դոլար։ Այն կիրականացվի 4 փուլով և հնարավորություն կընձեռի բացելու 60,000 նոր աշխատատեղ։ Նախագծի կենսագործումից հետո Իրանի, Իրաքի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև ընկած Վանը վերածվելու է ձգողականության կենտրոնի։ Պլանավորված է, որ տարեկան Վան կայցելի 4 միլիոն զբոսաշրջիկ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էրդողանը խոստացել էր մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը) Վանը դարձնել աշխարհի ամենագրավիչ վայրը։





































