Տեքստ
Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր նախագահական նստավայրում մեկնաբանել է երեկ Սկոլկովոյում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հնչեցրած հայտարարությունները.
«Վրաստանը պատրաստ է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը ցանկանա խոսել ժողովրդավարական ճանապարհով ընտրված վրացական իշխանությունների հետ:
2008 թվականի օգոստոսին հաջորդած 3 տարիները վկայում են, որ Վրաստանի դեմ Ռուսաստանի ռազմական միջամտությունը ցույց տվեց ոչ թե նրա հզորությունը, այլ` թուլությունը: Արդեն երեք տարի է, ինչ ես «քաղաքական դիակ» եմ ռուս ղեկավարի համար:
Մեդվեդևի երեկվա հայտարարությունը միայն հաստատեց այն, որ Վրաստանի դեմ պատերազմ սկսելով` Ռուսաստանը ոչ թե մտահոգված էր աբխազների ու օսերի ճակատագրով, այլ բացարձակ այլ նպատակներ էր հետապնդում»:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ էդուարդ Շևարդնաձեն խորհուրդ էր տվել մեկնել Մոսկվա, ամեն գնով հասնել Մեդվեդևի հետ հանդիպման և առանց դրա չվերադառնալ Վրաստան:
Ի դեպ, Շևարդնաձեն նշել էր, որ Ռուսաստանի առաջիկա նախագահական ընտրություններում Վրաստանի համար առավել նախընտրելի կլինի ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի հաղթանակը, քանի որ նա, ի տարբերություն Մեդվեդևի, չի խորշել Սաակաշվիլիի հետ երկխոսության մեջ մտնելուց:










































