Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ կառավարության արդեն երկրորդ նիստը աչքի է ընկնում նրա և ՀՅԴ-ական նախարարի միջև բանավեճով կամ՝ ՀՅԴ-ական նախարարին արվող նկատողությամբ: Եթե առաջին նիստում այդ նախարարը էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էր, ապա երկրորդ նիստում այդ նախարարը կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանն է:
Կարեն Կարապետյանի և Դաշնակցության համատեղ գործունեությունը կառավարությունում ակնհայտորեն չի ստացվում: Արծվիկ Մինասյանի հետ առաջին միջադեպից հետո մամուլում տարածվեցին բազմաթիվ տեղեկություններ այն կապակցությամբ, որ նոր վարչապետն ու ՀՅԴ-ն ունեն հակասություններ: Եվ եթե երկրորդ նիստում Կարեն Կարապետյանը ձեռնպահ չի մնում կրթության ու գիտության դաշնակցական նախարարի հետ այդօրինակ բանավեճից՝ անկասկած, լավ պատկերացնելով, թե դա ինչ նոր թափով է ակտիվացնելու իր և ՀՅԴ հակասության մասին խոսակցությունները, ապա նշանակում է, որ Կարեն Կարապետյանը նույնիսկ անհրաժեշտ է համարում այդ խոսակցություններին թափ հաղորդելը:
Ի դեպ, ուշագրավ է, որ դա տեղի է ունենում անկախության առիթով սեպտեմբերի 20-ին ՀՅԴ երկու առաջնորդների պարգևատրումից հետո: Սերժ Սարգսյանը պարգևատրեց Հրանտ Մարգարյանին և Արմեն Ռուստամյանին: Երևի Դաշնակցությանն այդպիսով առաջարկվում էր վերցնել պարգևները նախարարական պորտֆելների դիմաց կամ պարգևների դիմաց փոխել նախարարական պորտֆելները: Սակայն, ըստ երևույթին, ՀՅԴ-ն դիմադրում է և չի ուզում գնալ նմանօրինակ գործարքի, ինչի պատճառով էլ Կարեն Կարապետյանը փաստորեն երկրորդ «հարվածն» է հասցնում ՀՅԴ-ին: Կամ՝ միգուցե Կարապետյանը այդպիսով փորձում է ճնշում բանեցնել Սերժ Սարգսյանի վրա, որը գուցե չի ցանկանում վերանայել իր համաձայնությունները ՀՅԴ-ի հետ:
Չի բացառվում նաև, որ Կարեն Կարապետյանն այսպիսով փորձում է ընդհանրապես բացառել վիճակը, երբ իր թիկունքում հնարավոր է Սերժ Սարգսյան-ՀՅԴ որևէ պայմանավորվածություն, առանձին համաձայնություններ՝ առանց իր մասնակցության և համաձայնության:
Ըստ որում, ՀՅԴ-ն նոր վարչապետի նշանակման առաջին իսկ պահից ցույց տվեց, որ քաղաքական առումով չի «ճանաչելու» նրան, այլ ճանաչելու է Սերժ Սարգսյանին և նրա հետ ձեռք բերած փետրվարյան համաձայնությունները: Կարեն Կարապետյանն, ըստ երևույթին, փորձում է լուծել հենց այդ հարցը՝ որ ՀՅԴ-ն պետք է «ճանաչի» իրեն կամ իրեն էլ «ճանաչի»:
Սերժ Սարգսյանն այս իրավիճակում առայժմ միջամտել է անկախության առիթով ՀՅԴ լիդերներին շնորհած պարգևներով, որոնք դժվար է ասել՝ խրախուսո՞ւմ էին ՀՅԴ-ին Կարեն Կարապետյանի հետ «մրցակցությունում», թե՞ պարզապես ՀՅԴ-ին «փոխհատուցելու» նուրբ ակնարկ կամ առաջարկ էին, որը երևի թե չի աշխատում:
Բացառված չէ նաև, որ Կարեն Կարապետյանի պահվածքը վկայում է ՀՅԴ-ի հանդեպ Սերժ Սարգսյանի «մտրակի և կարկանդակի» քաղաքականության անցման մասին. մի կողմից՝ պարգև, մյուս կողմից՝ նախատինք կառավարության նիստում:
Ըստ էության, նոր կառավարության ձևավորումով Սերժ Սարգսյան-ՀՅԴ պայմանավորվածությունը կորցրել է իր իմաստը և քաղաքական անհրաժեշտությունը, բայց Սերժ Սարգսյանը երևի թե փորձում է առայժմ ոչ թե գնալ բացահայտ «ապահարզանի», այլ պարզապես դա հասկացնել Դաշնակցությանը: Դաշնակցությունը, բնականաբար, հրաժարվում է «հասկանալ»:
Ի՞նչ կլինի կառավարության երրորդ նիստում Դաշնակցության երրորդ նախարարի հետ, թե՞ հանգուցալուծումը կլինի մինչ այդ:









































