Չինաստանի Շենչժեն քաղաքի օդանավակայանում ծառայության է անցել AnBot ռոբոտ-պարեկը՝ հայտնում է «Ժենմին ժիբաո» թերթը:
AnBot-ը հանրությանը ներկայացվել է այս տարվա ապրիլի վերջին չինական Չունցինում տեխնոլոգիաների ցուցահանդեսում: Ռոբոտի բարձրությունը 1,49 մ է, քաշը՝ 78 կգ, առավելագույն արագությունը՝ 18 կմ/ժ: Հաղորդվում էր, որ մարտկոցները պետք է բավարարեն 8 ժամ աշխատանքի համար:
Թերթը գրում է, որ ռոբոտ-պարեկը աշխատանքը սկսել է Շենչժենի օդանավակայանի 3-րդ տերմինալի մեկնման սրահում: Ռոբոտն ունի բարձր կետայնության 4 տեսախցիկ և կարող է ճանաչել ուղևորների դեմքերը: Ուղևորների դեմքերի լուսանկարները այնուհետև կարող են փոխանցվել օդանավակայանի անվտանգության ծառայությանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Սինհուա» գործակալությունը՝ ռոբոտը կարող է ունենալ հատուկ մոդուլներ, օրինակ՝ շրջակա միջավայրի մոնիթորինգի համար, որոնք կընդլայնեն AnBot ֆունկցիոնալությունը: Ռոբոտ-պարեկը նաև ունի տագնապի կոճակ, որը սեղմելու դեպքում ազդանշանն անմիջապես փոխանցվում է ոստիկաններին:







































