News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն քաղաքական բոլոր սուբյեկտներին, որոնք մասնակցում են խորհրդարանական ընտրություններին, կոչ է անում ստորագրել «խաղաղության հուշագիր»:
Կոբախիձեի խոսքերով՝ հուշագրի նպատակը ընտրական գործընթացում բռնությունից խուսափելն է: Հուշագրում նշված է. «Մենք համաձայնվում ենք ապահովել մեր ակտիվիստների հեռու մնալն ընտրական այլ սուբյեկտների կողմից անցկացվող ակցիաներից, միջոցառումներից և կձեռնարկենք բոլոր միջոցները՝ թույլ չտալու համար մեր ակտիվիստների կողմից ընտրական այլ սուբյեկտների կողմից անցկացվող միջոցառումների խոչընդոտման գործընթաց:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընտրական սուբյեկտները գիտակցում են, որ խաղաղ ընտրությունների անցկացումը անհրաժեշտ պայման է Վրաստանի ժողովրդավարական զարգացման և քաղաքական համակարգի համախմբման համար:
Հուշագիրը գործելու է ընտրական ողջ գործընթացի ընթացքում, մինչև վերջին, ամփոփիչ արձանագրության հրապարակումը: Հուշագիրը չի ունենալու իրավական ուժ: Նրան միացած սուբյեկտները ստանձնում են միայն քաղաքական պատասխանատվություն»:








































