ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Եռաբլուրում» ներկայացրեց պետականության վերականգնման հռչակագրի դրույթները: Պատգամավորն ասաց, որ պետք է հետադարձ հայացք ուղղել 25-ամյա անկախությանն ու գնահատականներ տալ այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել 25 տարիների ընթացքում: Նա հայտնեց, որ հռչակագրի ընդունումը որոշակի ճանապարհ է անցել, բանավեճ է եղել, կարծիքներ ու տեսակետեր են հնչել, իսկ այժմ այդ կարծիքները կանոնակարգված կերպով կներկայացվեն հանրությանը, որպեսզի հանրությունն ապագայում այն ընդունի որպես միասնական ուղենիշային փաստաթուղթ:
Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց իր ձևակերպմամբ՝ հայկական պետականության վերականգնման հռչակագիրը, որը նախագիծ է և այդ հռչակագրին կարող են միանալ այլ կարծիքներ ևս:
Անդրադառնալով հռչակագրի ընդունված դրույթներին, Փոստանջյանն ասաց.
«Հռչակում ենք` Հայոց պետականության տարածքային ամբողջականության վերականգնում .
– ընդունում ենք, որ Հայոց պետականության կրողը համասփյուռ հայ ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրականացնում է անմիջականորեն` իր իսկ հիմնադրած ներկայացուցչական մարմինների միջոցով,
– հաստատում ենք, որ Հայոց պետականության անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիության ապահովումը բացառապես հայկական Ազգային բանակի մենաշնորհն են,
– սույն Հռչակագիրը հիմք է ծառայում աշխարհի հայաբնակ վայրերում քաղաքական կառավարման կառույցների հիմնադրման, Հայոց պետականության Սահմանադրության, սահմանադիր օրենքների և հայ ժողովրդի ազգային անվտանգության հայեցակարգի մշակման համար,
– ընդունում ենք սույն Հռչակագրի դրույթները և հավատարմություն հայտնում, որ մեր կամքով, ներուժով, արժանապատվությամբ այն իրականություն ենք դարձնելու:
Առա´ջ, դեպի հաղթանակ»:









































