25 տարի՝ քառորդ դար Հայաստանն անկախ պետություն է: Այսօր՝ սեպտեմբերի 21-ի լուսաբացին, առավոտյան, կեսօրին, երեկոյան, արդեն վաղը՝ սեպտեմբերի 22-ին ու հաջորդ օրերին մեզ համար այս 25 տարին երևի թե ընդամենը թվաբանություն է, թվաբանություն այն անթիվ ու անհամար խնդիրների շարքում, որ քառորդ դարի ընթացքում մեզ «պարգևել» է մեր անկախ պետականությունը: Որովհետև այդ քառորդ դարերի ընթացքում մեզ նաև սովորեցրել են, փորձել են վարժեցնել պետականությունը թվերով չափելուն, տարեցտարի ներկայացնելով մեզ տարատեսակ վիճակագրություններ մեր պետական ընթացքի մասին՝ ամեն անգամ համոզելու համար, թե ինչպիսի լավ իշխանություն ունենք մենք, և ինչքան լավ է, որ այդ իշխանությունները չեն փոխվում, չեն փոխվում 25 տարի:
Սա մեր պետականության թվաբանությունն է՝ թվեր, որոնք մշուշի նման պատել են, փառակալել մեր աչքերը և միտքը, պետականությունը վերածել թվաբանության կամ հաշվապահության, չոր մաթեմատիկայի: Իսկ այդ ամենի հետևում կամ ավելի շուտ այդ ամենի տակ մեր պետականության 25 տարիներն են, որոնք շատ են թե քիչ, ոչ ոք չգիտի: Նայած, թե ինչով ենք չափում, ինչի համար ենք չափում:
Բայց ընդհանրապես պե՞տք է, որ չափում ենք: Մեզ պե՞տք է հաշվել, թե քանի տարեկան է դառնում հայկական պետականությունը: Ի՞նչ նշանակություն ունի, թե քանի տարեկան է: Ինչո՞ւ օրինակ պետք է լինեն պետականության առանձնահատուկ հոբելյաններ: Օրինակ՝ ինչո՞վ է մեր 24-ամյա պետականությունը պակաս եղել, կամ ինչո՞վ է պակաս լինելու 26-ամյա, 31-ամյա, 39-ամյա կամ որևէ այլ տարիքի պետականություն: Մեր պետականությունը կա և արդեն բացարձակապես կարևոր չէ, թե քանի տարեկան է այն: Այն կա, և տարիներն ընդամենը որոշում են մեր քաղաքացիական երջանկության ու հպարտության աստիճանը, ընդամենը:
Պետականության տարիքը հաշվելու փոխարեն մենք պետք է հաշվենք ու չափենք պետականության բարիքը: Իսկ դրա համար նախ որպես քաղաքացի պետք է դառնանք այդ պետականության բարիքը՝ մեր մտածողությամբ, մեր գիտակցությամբ, արժեքներով, օրինապաշտությամբ, ազնվությամբ, մարդասիրությամբ, որպեսզի հետո կարողանանք նաև ավելացնել, բազմապատկել պետականության բարիքները: Սա է մեր խնդիրը՝ որպես քաղաքացի, անհատ, որպես հասարակական շերտ, խումբ, նախաձեռնություն, որպես հասարակություն, ազգ, պետականություն:
Մենք այլ խնդիր չունենք, մենք պետականության տարիները հաշվելու կարիք և ժամանակ չունենք, մենք պետք է դառնանք բարիք, որպեսզի ստեղծենք, բազմապատկենք պետականության բարիքը կենսագործունեության տարբեր ոլորտներում: Դա է ճանապարհը, մենք այլ ճանապարհ չունենք: Այլ ճանապարհ չունենք նաև այն առօրեական խնդիրները լուծելու, որ 25 տարի կանգնել են մեր առաջ տարբեր դրսևորումներով՝ թե´ մարդկային և թե´ երևութական, ունեցել են ողբերգականից մինչև ամենադաժան երանգներ և բնույթ, ստվերել են պետականության քառորդ դարի ամենակարևոր ձեռքբերումները, մսխել դրանք, շահարկել, թուլացրել պետականությունը և հանրությանը կապել թվաբանությանը, այդ ամենը թվերի կույտով պատելու համար:
Մենք այլ ճանապարհ չունենք, քան ինքներս մեր տեսակով ու որակով, ամեն մեկս մեր տեղում դառնալ բարիք և արարել բարին, մեզ տրված ամենամեծ բարիքը՝ պետականությունը լիարժեք զգալու, ապրելու, շնչելու համար: Եվ ուրեմն, քառորդ դար անց մենք կանք, և սա հայկական պետականության ամենահիմնարար արձանագրումն է՝ մենք կանք և այսօր ոչ թե լինելու խնդիր ունենք, այլ ունենք ընդամենը ինչպիսին լինելու խնդիր, որն անկասկած լուծելու ենք՝ քանի տարի անց էլ լինի, մենք չենք հաշվելու պետականության տարիները, պետականությունը չենք չափելու թվերով, մենք լուծելու ենք ինչպիսին լինելու խնդիրը: Այլընտրանք չկա, ինչպես այլընտրանք չկա այսօր ասելու՝ շնորհավոր անկախության տոնը, կեցցե անկախ Հայաստանը: Եվ հրաշալի է, որ դրան այլընտրանք չկա:
Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի









































