Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան ու Բելուջիստան նահանգում ձերբակալվել են երկու ահաբեկիչներ, որոնց մոտ հայտնաբերվել են կիրառման համար պատրաստ պայթուցիկ նյութեր:
Այդ մասին հայտնել են Իսլամական հեղափոխության պահակազորի հատուկ ծառայությունները: Նրանց տվյալներով՝ ծայրահեղականներն Իրանի տարածք ներթափանցել են Պակիստանից և մտադիր են եղել ահաբեկչություններ իրականացնել Սարավան քաղաքում, սակայն նրանց ձերբակալել են հակաահաբեկչական գործողության ժամանակ:
Նրանց մոտ հայտնաբերվել է կիրառման համար երկու պատրաստի ռումբ, հրաձգային զենք ու զինամթերք: Հարցաքննության ժամանակ պակիստանցիները խոստովանել են, որ ահաբեկչական կազմակերպությունների անդամներ են և Իրան են ուղարկվել դիվերսիա իրականացնելու համար:











































