Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ մեկնելուց առաջ Ստամբուլում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան պայքարի նոր փուլ է սկսում իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման (FETÖ) դեմ:
Նրա խոսքով՝ Թուրքիան մինչև վերջ պայքարելու է FETÖ-ի դեմ, որն ուղիղ կապված է երկրի ռազմական հեղաշրջման փորձի հետ. «Թուրքիան շարունակելու է բոլոր հարթակներում բացահայտել FETÖ-ի ու նրա ղեկավարի էությունը, բարեկամներին պատմել ու նախազգուշացնել սպառնալիքի մասին, որն այդ ահաբեկչական հոսանքը ներկայացնում է Թուրքիայի ու մյուս երկրների համար:
Թուրքիան հաջող պայքար է մղում նաև ԴԱԻՇ ու PKK ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Ապագայում ահաբեկչության ու ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը կշարունակվի ավելի լայն մասշտաբով:
Ցանկանում եմ հայտարարել, որ այսուհետ աշխարհի որևէ երկիր, որևէ տարածաշրջան հուսալի թաքստոց չի դառնա FETÖ-ի համար»,- հայտարարել է Էրդողանը:









































