«Այս տարվա իրադարձությունները պարզեցում մտցրին բոլոր հարցերում: Բոլորի համար արդեն ամեն ինչ պարզ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը՝ նկատի ունենալով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները քաղաքական, տնտեսական, պաշտպանական և այլ ոլորտներում:
Նրա խոսքով՝ այժմ կանգնած ենք «ինչ անել» հարցին դեմ հանդիման: Ինչպես նշեց պարոն Սարգսյանը՝ «Սասնա ծռերը» իր ձևով պատասխանեց այդ հարցին: «Նոր վարչապետի նշանակումը պատասխան է հուլիսյան այդ դեպքերին: Վարչապետը տնտեսության այս վիճակը գնահատելիս խոսեց բուն հարցի շուրջ, այն է՝ այս վիճակի պատճառը ստվերն է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, թե խնդիրն այն է, թե արդյոք նոր վարչապետը գիտի՞ ինչպես պայքարել դրա դեմ:
Մանվել Սարգսյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե Կարեն Կարապետյանին արդյոք կտրվի՞ ազատորեն գործելու քարտ-բլանշ: Այնուամենայնիվ, նա վստահություն հայտնեց, որ նոր վարչապետին բերել են ամեն գնով հինը փրկելու համար, քանզի այդպես շարունակել այլևս անհնար էր, որովհետև նույնիսկ զենքով արդեն սկսեցին պայքարել ստեղծված վիճակի դեմ:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, ապա նա չի լուծել իր առջև դրված խնդիրները, այլ լուծել է իր խնդիրները:
Անդրադառնալով Կարեն Կարապետյանի կողմից իրականացվող պաշտոնանկություններին և նոր նշանակումներին՝ Մանվել Սարգսյանը կարևորեց այն, թե ինչ խնդիր են դնում նորանշանակ պաշտոնյաների առաջ. «Կարեն Կարապետյանի առաջին խնդիրը պետք է լինի այն, որ ինքը 5 ամսում վերացնի ՀՀԿ-ն»:
Մանվել Սարգսյանը Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններում տեսնում է Ռուսաստանի հետքը և վտանգավոր համարում այն, որ Ռուսաստանը ինքն էլ չի իմանում, թե ինչ է անում, և վարում է դեստրուկտիվ քաղաքականություն. «Ռուսաստանը չի կարողանում լուծումներ գտնել Հայաստանում: Ռուսաստանի խնդիրները Հայաստանում կապված են իր և Արևմուտքի ու շատ ավելի՝ իր թուրքալեզու հարևանների միջև հարաբերությունների հետ: Այդ թուրքալեզու երկրների վրա ազդելու Ռուսաստանի միակ էֆեկտիվ լծակը եղել է Հայաստանը: Սակայն այժմ այդ թուրքալեզու երկրների պահանջները շատ են մեծացել՝ նրանք պահանջում են իսպառ ոչնչացնել Հայաստանը: Սակայն ինչպե՞ս կարող է Ռուսաստանը ոչնչացնել սեփական լծակը»:
Մեր զրուցակցի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների այն ձևերը, որոնք առնվազն 25 տարում ստեղծվել են, սպառել են իրենց:
«ՀՀ-ում բոլոր որոշումները ընդունվել են աբստրակտ վախից՝ վախ Ռուսաստանից, վախ Թուրքիայից, և այժմ այլևս չի ստացվում շարունակել որոշումներ ընդունել վախից: Մենք խնդիր լուծող ազգ չենք, այլ խնդիրներից փախչող: Իսկ խնդիրը լուծելու համար նախ պետք է ճանաչել այն»,- նկատեց մեր զրուցակիցը:









































