Մեծ Բրիտանիային սպառնում են բազմամիլիոնանոց տուգանքներ, եթե կառավարությունը մինչև Եվրամիությունից դուրս գալը սկսի առևտրային բանակցություններ վարել այլ երկրների հետ, հայտնում է The Sunday Times-ը` վկայակոչելով արտաքին առևտրի նախարար Լիամ Ֆոքսի պատրաստած փաստաթղթին:
Փաստաթուղթը վկայում է, որ գոյություն ունի «մեծ ռիսկ», որ Եվրոպական հանձնաժողովը դատի կտա Բրիտանիային, և որ ԵՄ երկրները կարող են նախաձեռնել համապատասխան միջոցներ, եթե նախարարները սկսեն բանակցություններ այն երկրների հետ, որոնց հետ ԵՄ-ն արդեն փորձել է համաձայնության գալ:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ լավ կլիներ որքան հնարավոր է շուտ սկսել Բրիտանիայի հետ բանակցությունները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ ԵՄ հետ պաշտոնական բանակցությունները չեն սկսվի մինչև 2017 թվականը: Մեյը նաև նախազգուշացրել է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը հեշտ չի լինի երկրի համար:









































