News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի իրավապահ մարմինները այսօր Թբիլիսիում մեկնարկող Millennium միջազգային կոնֆերանսի ժամանակ աշխարհի տարբեր երկրներից իրենց գործընկերների հետ կիսվելու են «օրենքով գողերի» դեմ հաջող պայքարի փորձով:
Երկօրյա կոնֆերանսին մասնակցելու համար աշխարհի 24 երկրից 58 պատվիրակ է ժամանել Թբիլիսի: Քննարկման գլխավոր թեման կազմակերպված հանցավորության դեմ պայքարն է: Կոնֆերանսը բացելու է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին:
2003 թվականին Վրաստանում իրականացված «Վարդերի հեղափոխությունից» հետո իշխանության եկած նախագահ Միխեիլ Սաակաշվիլու առաջնահերթություններից մեկը դարձել է կազմակերպված հանցավորության ու «օրենքով գողերի» ինստիտուտի դեմ պայքարը:
2005 թվականին Վրաստանի ՔՕ օրենսգրքում հայտնվեց «Գողական համայնքին անդամակցում. Օրենքով գող» հոդվածը, որը գողական աշխարհին անդամակցելու համար նախատեսում էր 3-8 տարվա ազատազրկում, իսկ «օրենքով գող» լինելու համար՝ 5-10 տարվա ազատազրկում՝ տուգանքով կամ առանց դրա:
Մեկ տարի անց՝ 2006 թվականին, օրենսդրությունը խստացվեց: Ներկայումս գողական աշխարհին անդամակցելու համար նախատեսվում է 5-8 տարվա ազատազրկում, իսկ «օրենքով գող» լինելու համար՝ 7-10 տարվա ազատազրկում՝ տուգանքով կամ առանց դրա:
Սաակաշվիլին ներդրեց զրոյական հանդուրժողականություն մաֆիայի հանդեպ: Մաֆիայի շատ ներկայացուցիչներ կամ զոհվեցին, կամ հայտնվեցին անելանելի վիճակում:
Հարցաքննության ժամանակ «օրենքով գողերին» հարցնում էին կազմակերպված հանցավորությանը նրանց պատկանելության մասին: Եթե նա («օրենքով գողը») հերքում էր, ապա անմիջապես կորցնում էր իր հեղինակությունը սեփական միջավայրում և կարող էր սպանվել:
Եթե պատասխանը դրական էր, ապա քրեական հեղինակությանը դատապարտում էին ազատազրկման՝ օրենքով սահմանված կարգով: Արդյունքում շատ «օրենքով գողեր» հարկադրված եղան Վրաստանից փախչել Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա կամ արևմտյան երկրներ:








































