Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 12-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մույժնիեքսի ու ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը:
Մույժնիեքսի հետ հանդիպմանը մասնավորապես մասնակցել է Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) ղեկավար Ջամիլ Հասանլին, Թոֆիք Յաղուբլուն, Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը, «Ազատություն» թերթի խմբագիր Գանիմաթ Զահիդը և Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության անդամ Էլնուր Սադիխովը:
Հանդիպումից հետո Թոֆիք Յաղուբլուն հայտնել է, որ հանդիպումն անցել է շատ արդյունավետ, և իրենց խոստացել են, որ հետագայում ԵԽ-ի դիրքորոշումն Ադրբեջանի հանդեպ լինելու է ավելի օբյեկտիվ ու սկզբունքային:
Յաղուբլուն նաև հայտնել է, որ շատ կարևոր հանդիպումներ են ունեցել նաև ՄԻԵԴ-ում ու ԵԽ-ի ղեկավարությունում:










































