Ապարանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Գոռ Աբրահամյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ահազանգում է, որ Արագածոտնի մարզի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ձեռամբ մարզում հանրապետականները պառակտվում են:
Գործող քաղաքապետի խոսքով՝ թեև Հանրապետականի շրջանային կազմակերպությունը կազմակերպած օրինական նիստում որոշել է առաջադրել հենց իր թեկնածությունը, սակայն Սարգիս Սահակյանը ապօրինի հրավիրել է խորհրդի նիստ և որոշել սատարել անկուսակցական Էդվարդ Փարվանյանին:
«Ես այս խնդիրը բարձրացրել եմ Հանրապետականի կենտրոնական գրասենյակում, բայց չգիտեմ ինչու՝ այս հարցի քննարկումը ձգձգվում է: Փաստորեն ստացվում է, որ Հանրապետականը բաժանված է երկու մասի, և այդ ընկերոջ ամբողջ գործունեությունը մեր կուսակցությունը տանում է պառակտման»,- իր վիրավորվածությունն է հայտնում Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ մոռանում են առջևում սպասվող համապետական ընտրությունների մասին:
Ինչպես նկատեց գործող քաղաքապետը՝ նախկին մարզպետը անընդհատ շոշափում է հանրապետության նախագահի անունը և ահաբեկում Սերժ Սարգսյանի անունից:











































