Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 3-ին, Լոնդոնում և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում փողոց են դուրս եկել ԵՄ-ի հազարավոր կողմնակիցներ՝ իրենց բողոքն արտահայտելու ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու դեմ: Այս մասին գրում է korrespondent.net-ը:
Ցուցարարները՝ ձեռքերին պաստառներ և ԵՄ դրոշներ, կառավարությանը կոչ են արել հետաձգել Brexit-ի պաշտոնական գործընթացի մեկնարկը, ինչպես նաև ԵՄ-ի հետ պահպանել, որքան հնարավոր է, սերտ տնտեսական, մշակութային կապեր և հարաբերություններ սոցիալական ոլորտում:
Ցույցի մասնակիցները նաև կառավարությունից պահանջել են ԵՄ-ից դուրս գալու հարցով բանակցությունների յուրաքանչյուր փուլում անցկացնել ավելի լայն հանրային քննարկումներ:
Ավելի վաղ ԵՄ-ից դուրս գալու հարցով կրկնակի հանրաքվե անցկացնելու միջնորդագիրը ստորագրել են ավելի քան 4 միլիոն մարդ: Ինչպես սպասվում է, երկուշաբթի այդ հարցով խորհրդարանում կանցկացվեն քննարկումներ:







































