Շաբաթ օրը Ադրբեջանում մեկնարկել է սահմանադրության մեջ փոփոխությունների հարցով սեպտեմբերի 26-ին անցկացվելիք հանրաքվեի հետ կապված քարոզչական արշավը: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Ընտրական օրենսգրքի համաձայն՝ հանրաքվեին նախորդող քարոզչական արշավը մեկնարկում է համազգային քվեարկությունից 23 օր առաջ՝ սեպտեմբերի 3-ին»,- հայտնել են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Այդ արշավի շրջանակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրանցած քարոզչական խմբերի անդամներին Հանրային հեռուստատեսության և ռադիոյի անվճար եթերի իրավունք է տրամադրվում սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխություններին կողմ կամ դեմ քարոզչության համար: Նաև երկրում առանձնացվել է 128 բաց հարթակ, նույնքան փակ տարածք՝ ընտրողների հետ քարոզչական խմբերի հանդիպումների համար:
Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է Ադրբեջանում ներդնել փոխնախագահների և առաջին փոխնախագահի պաշտոններ, որոնք այդ պաշտոնում կնշանակվեն և կազատվեն Ադրբեջանի նախագահի հրամանով:
Առաջարկվում է նաև փոփոխություններ կատարել 100-րդ հոդվածում. պետք է վերացվի այն դրույթը, ըստ որի՝ «Ադրբեջանի նախագահ կարող է ընտրվել 35 տարեկանից ոչ փոքր Ադրբեջանի քաղաքացի»:
Նախատեսվում է փոփոխություններ կատարել նաև 101-րդ հոդվածում, որի համաձայն՝ Ադրբեջանի նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց կհասցվի 7 տարվա, ինչպես նաև Ադրբեջանի նախագահն իրավունք կստանա հայտարարելու նախագահական արտահերթ ընտրություններ:
Օրենսդրական փոփոխություններն առնչվում են նաև խորհրդարանին. առաջարկվում է պատգամավոր ընտրվելու տարիքային շեմը 25 տարեկանից իջեցնել 18-ի:









































