2016 թվականին ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ կայացված 8 վճիռներից 4-ը փաստաբան Հայկ Ալումյանի գործերն են: ՀՀ կառավարությունն արդեն կոնկրետ թվեր է հրապարակել և իր մտահոգությունը հայտնել առ այն, թե ո՞վ պետք է վճարի այդ գումարները:
«Նշեմ, որ դրանք շատ համեստ թվեր են այն թվերի համեմատ, որոնք ապագայում Հայաստանի Հանրապետությունը վճարելու է Եվրոպական դատարանի վճիռներով, քանի որ նախորդ 3 տարիներին Հայաստանի գործերը ՄԻԵԴ-ում գրեթե անշարժացած էին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով՝ այդ գործերը Հայաստանում անցել են 3 ատյաններով ու հասել Վճռաբեկ դատարան, որը 90 տոկոս դեպքերում ընդհանրապես գործը քննության չի ընդունել: Փաստաբանը տարակուսելի է համարում հարցը, թե ո՞ր դատավորը պետք է պատասխան տա այդ վճիռների համար՝ Առաջի՞ն ատյանի, Վերաքննիչի՞, թե՞ Վճռաբեկ դատարանի, երբ վերջինս անգամ իրավական խնդիր չի տեսել դրանում. «Տրամաբանականն այն է, որ պատասխանատվության ավելի մեծ չափն ընկնում է Վճռաբեկ դատարանի վրա: Սակայն այդ դեպքում անգամ նրանց աշխատավարձը չի բավականացնի՝ այդ գումարները վճարելու համար»:
Մեր դիտարկմանը՝ սխալ վճիռների համար դատավորներին պատասխանատվության ենթարկելը արդյոք չէ՞ր լինի զսպաշապիկ, փաստաբանը պատասխանեց՝ եթե ստեղծվի մի X մարմին, որը պետք է որոշի, թե որ դատավորն է պատասխանատվություն կրելու, ապա ՀՀ բոլոր դատավորները կախվածության մեջ կընկնեն այդ մարմնից, ինչը կլինի չարիք:
Մինչդեռ, ինչպես նկատեց փաստաբանը, գործերի ճնշող մեծամասնությունում, որոնց պատճառով այսօր Հայաստանը տույժերի է ենթարկվել, գործադիրն է ճնշումներ գործադրել դատավորների նկատմամբ, և այդ ճնշման են տակ են դատավորները այդ վճիռները կայացրել. «Եվ այսօր նույն գործադիրն ասում է՝ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի: Դուք եք մեղավոր. այ տենց, կառավարությունով հավաքվեք, գումար դրեք և հատուցեք Հայաստանի բյուջեի բացերը»:
Կառավարությունը պետք է հեռու մնա դատական համակարգից և քաղաքականապես մոտիվացված յուրաքանչյուր գործով չստիպի իրականացնել կալանավորում՝ համոզված է փաստաբանը. «Այնպես որ՝ սլաքը պետք է ուղղել դեպի կառավարություն»:
Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ում հետագա գործերի մեծ մասը վերաբերելու է Հյուսիսային պողոտային և ընդհանրապես օտարման գոտիներին, երբ քաղաքացիներից չնչին գոմարներով խլվում էր նրանց գույքը. «Ես մեր կառավարությանը խորհուրդ եմ տալիս արդեն պատրաստվել, մեր կանխատեսումներով՝ այդ հատուցումները լինելու են շատ ավելի խոշոր»:







































