Մյունխենում Մաքս Պլանկի հասարակության հոգեբուժության ինստիտուտի վերակառուցման ընթացքում նացիստների զոհերի ուղեղների հավաքածու է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Gizmodo պորտալը:
Ինստիտուտի ներկայացուցիչների խոսքով՝ տրեպանացիայի ենթարկված մոտ 100 մարդկային ուղեղները եղել են գերմանացի նյարդակենսաբան, նացիստ Հուլիուս Հալլերվորդենի տրամադրության տակ: Նա եղել է Վիլհելմ կայսեր անվան ուղեղի հետազոտության ինստիտուտի ամբիոնի վարիչը. հաստատությունը ներկայումս կոչվում է Մաքս Պլանկի հասարակության ինստիտուտ:
Պարբերականը ենթադրում է, որ քանի որ Հալլերվորդենը պարբերաբար բժշկական նմուշներ է ստացել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի կալանավորների նկատմամբ իր հանցավոր փորձերով հայտնի բժիշկ Ժոզեֆ Մենգելեից, կարելի է ենթադրել, որ հայտնաբերված ուղեղները պատկանում են Հոլոքոստի զոհերին և կապված են Երրորդ ռեյխի բժշկական ուսումնասիրությունների հետ:
Գտածոյի հետ կապված հետաքննություն է կատարվում: Բոլոր նմուշները կուսումնասիրվեն և սպանվածների անձի նույնականացման դեպքում նրանց մնացորդները կթաղվեն ընդհանուր գերեզմանոցում՝ տապանաքարի վրա անուններով:










































