Աշխարհում անվտանգության հետ կապված իրավիճակը փոխվել է, և պետք է տարբեր ինստիտուտներում արձագանքել դրան: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բեռլինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարռտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
«Անվտանգության հետ կապված իրավիճակը փոխվել է, և մենք պետք է դրան արձագանքենք այն ինստիտուտներում, որոնք կան մեր մեր տրամադրության տակ»,- ասել է նա՝ նշելով, որ այդ ինստիտուտների թվում են ՆԱՏՕ-ն և ԵԱՀԿ-ն:
«Չնայած բոլոր սպառնալիքներին և ռիսկերին, որոնք պետք չէ նվազեցնել, չի կարելի մոռանալ այնպիսի ասպեկտի մասին, ինչպիսին երկխոսությունն է: Ես ուրախ եմ, որ գոնե դեսպանների մակարդակով նորից աշխատեց Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը »,- ասել է Շտայնմայերը:
Միաժամանակ նա նշել է, որ երկխոսությունը պետք է կապել կոնկրետ առաջարկների հետ: «Ես կիսում եմ անհանգստությունը, որ մենք տեսադաշտից կորցրել ենք զենքի վերահսկողության շուրջ բանակցությունների անհրաժեշտությունը: Կարծում եմ՝ դա կարող է լինել այն ոլորտը, որտեղ մենք, համենայնդեպս, կարող ենք փորձել ընդհանուր անվտանգության ոլորտների ուղղությամբ մեզ հետ աշխատելու ռուսական կողմի պատրաստակամությունը»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը:









































