Թեև Չինաստանում G20-ի առաջիկա գագաթնաժողովի գլխավոր թեման հայտարարվել է համաշխարհային տնտեսությունը, սակայն քաղաքական հարցերը և անվտանգության խնդիրները ֆոն կլինեն Հանչժոու քաղաքում համաշխարհային ղեկավարների հավաքի համար: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Նշվում է, որ աշխարհին անհանգստացնում են ահաբեկչական հարձակումները Եվրոպայում, նախագահական պայքարն ԱՄՆ-ում, նաև չդադարող հակամարտությունները Սիրիայում և Իրաքում: Սպասվում է, որ համաշխարհային ղեկավարներն այդ խնդիրները կքննարկեն կամ խմբի նիստերում, կամ երկկողմ հանդիպումների ընթացքում: Կբարձրացվեն նաև ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին որոշման և համաշխարհային տնտեսության համար դրա հետևանքների, կլիմայի փոփոխության, մարդու իրավունքների և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերաբերյալ հարցերը:
Պարբերականի կանխատեսմամբ՝ գագաթնաժողովի ընթացքում ոչ մի բեկում չի լինի: Միակ նշանակալի իրադարձությունը Արևելաչինական ծովի շուրջ տարածքային վեճի կողմերի՝ Չինաստանի և Ճապոնիայի միջև պաշտոնական համաձայնագիր կնքելու հնարավորությունն է: