Այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ կազմակերպվել էր ակցիա՝ ի պաշտպանություն ՌԴ-ում վթարի պատճառ դարձած վարորդ Հրաչյա Հարությունյանի: Երթևեկության ժամանակ նրա վարած բեռնատար մեքենայի արգելակները չէին աշխատել, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել: Նրան հարցաքննության համար հիվանդանոցում արթնացրել էին դեղամիջոցներով և կնոջ խալաթով տարել հարցաքննության:
Ակցիայի մասնակիցները ՌԴ-ից պահանջում էին հետևել մարդու իրավունքների սկզբունքներին և չվիրավորել մարդու արժանապատվությունը: Ակցիայի մասնակիցների մեջ էին նաև Հրաչյա Հարությունյանի քույրը, եղբայրը, հայրը, կինը և դուստրը: Քույրը՝ Սեդա Հարությունյանը, ևս մեկ անգամ հաստատեց, որ եղբայրը մեկնել է արտագնա աշխատանքի՝ 21-ամյա որդու տապանաքարը տեղադրելու համար. «Մարդն իր որդու տապանաքարը սարքելու համար մեկնել է աշխատանքի, փորձանք է պատահել, էսօր իրեն ռեցեդևիստի տեղ են դրել: Ի՞նչ է նշանակում հայրենիքի համար կռված զինվորին կանացի խալաթով տանեն։ Դա մեր ղեկավարության ամոթն է, որ իր ազատամարտիկին նման կերպ են վերաբերվում»:
Այնուամենայնիվ, նա խնդրում է իշխանություններին չանտեսել հարցը և այնպես անել, որ եղբայրն իր պատիժը կրի Հայաստանում:









































