Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը իր անհամաձայնությունն է հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի այն հայտարարություններին, որոնք հնչեցվել են հուլիսի 15-ին Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձից հետո:
«Այն ժամանակ, երբ Թուրքիային թիրախավորում են, նրան խորհուրդ են տալիս պահպանել սառնասրտություն: Եթե ինձ և իմ դեմ մահափորձ կատարողին խորհուրդ են տալիս զուսպ լինել, ապա դա չի նշանակում իմ հասցեին արված աջակցություն»,- ասել է Չելիքը:
Նա մեկնաբանել է նաև ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննի այն հայտարարությունը, թե՝ Անկարան ունի ԵՄ միջոցների հատկացման կարիքը՝ կապված փախստականների խնդրի հետ. «Առաջին հերթին՝ Թուրքիան չունի այդ գումարի կարիքը: Երկրորդ հերթին՝ Թուրքիան չի վաճառվում: Հաննը պետք է հասկանա, որ նման հայտարարություններով խափանում է ԵՄ-ի ու Թուրքիայի միջև ընթացող գործընթացը»:











































