Նոյեմբերի 28-ին Հայաստանի և ԵՄ-ի միջև նախաստորագրվելուց անմիջապես հետո Ասոցացման համաձայնագիրը կմտնի իրագործման փուլ: Այս մասին այսօր հայտարարեց փոխարտգործնախարար, Ասոցացման համաձայնագրի՝ Հայաստանի կողմից գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Խոսքը, սակայն, իրականացման գործընթացի մասին է, որովհետև համաձայնագիրը ամբողջությամբ չէ, որ նախաստորագրումից հետո կմտնի ուժի մեջ:
Նախաստորագրումից ստորագրում ընկած գործընթացը, ըստ Զ. Մնացականյանի, կտևի առնվազն 6 ամիս, քանի որ Ասոցացման համաձայնագրի տեքստը թարգմանվելու է բազմաթիվ լեզուներով, և լեզվական զտումներ են կատարվելու: Ստորագրումից հետո Ասոցացման համաձայնագիրը պետք է վավերացվի ԵՄ 28 երկրների խորհրդարաններում, ինչպես նաև Եվրախորհրդարանում ու Հայաստանի ԱԺ-ում: Այս գործընթացը, ըստ փոխարտգործնախարարի, կարող է տևել 2-3 տարի, այսինքն՝ Ասոցացման համաձայնագիրը ամբողջությամբ ուժի մեջ կմտնի միայն 2017-2018 թվականներին:
Սակայն, ըստ արտգործնախարարի, կա 2 գործիք, որոնք թույլ են տալիս մինչև համաձայնագրի ամբողջությամբ ուժի մեջ մտնելը շատ արագ՝ նախաստորագրումից անմիջապես հետո անցնել իրագործման փուլին: Առաջինը Ասոցացման օրակարգն է, որն ուժի մեջ կմտնի նախաստորագրումից անմիջապես հետո, ու որն իրենից ներկայացնում է հստակ ժամանակացույց, քայլերի հաջորդականություն և այն, թե կոնկրետ ինչ բարեփոխումներ է անելու Հայաստանը: Այն ներառում է նաև ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվելիք տեխնիկական ու ֆինանսական օժանդակությանը վերաբերող կետեր և փոխարինելու է Գործընկերության և համագործակցության՝ ներկայում գործող օրակարգին:
Երկրորդ գործիքը, որի շնորհիվ կարագանա Ասոցացման իրագործման գործընթացը, այն է, որ եթե մեր ԱԺ-ն արագ վավերացնի համաձայնագիրը, ապա այն արագ կվավերացնի նաև Եվրախորհրդարանը, և համաձայնագիրը կմտնի ուժի մեջ այն մասով, որ մասով ԵՄ 28 երկրները պատվիրակել են ԵՄ-ին: Խոսքը հատկապես Ասոցացման համաձայնագրում ներառված Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի մասին է:
«Ասոցացման համաձայնագրի իրականացումը շատ բարդ հարց է, այն նաև կարողությունների առկայության հարց է: Իհարկե՝ շատ բան կսովորենք իրագործման փուլում, բայց մենք պետք է նախապատրաստվենք դրան»,- հայտարարեց փոխարտգործնախարարը:








































