Ազատամարտիկներ Խաչատուր Խաչատրյանը, Հարություն Ստեփանյանն ու Վոլոդյա Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպմանը ևս մեկ անգամ պնդեցին, որ իրենք կավարտեն իրենց պայքարն այն ժամանակ, երբ հասնեն կամավոր ազատամարտիկի և պատերազմի մասնակցի մասին օրենքների ընդունման. «Մենք վաղը հկանդիպենք վարչապետի հետ, եթե մեր պահանջները չբավարարի, ազատամարտիկների խորհրդում կքննարկենք մեր պայքարը շարունակելու քայլերը»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը:
Ինչ վերաբերում է երկրապահ կամավորականի մասին ընդունված օրենքին, ապա պրն Ավետիսյանն ասաց, որ օրենքին չպիտի այնպիսի անուն տային, որը ասոցացվում է Երկրապահ կամավորականների միավորման հետ: Անհրաժեշտ էր ունենալ անկախ օրենք՝ անկախ ազատամարտիկների համար. «Այսօր երկրապահ կամավորականների շարքում կան այնպիսիք, ովքեր Ղարաբաղի տեղն էլ չգիտեն: Մենք անկախ օրենք ենք ուզում, որը կգործի անկախ ազատամարտիկների համար»:
Ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը համաձայնելով իր մարտական ընկերոջ հետ՝ ասաց, որ ազատամարտիկներից շատերը ստիպված հեռանում են երկրից՝ այլ երկրներում փնտրելով աշխատանք: Արտագնա աշխատանքի մեկնածներից մեկն էլ Հրաչյա Հարությունյանն է, ում վթարի պատճառով ՌԴ-ում ձերբակալել են. «Լավ կյանքից չէ, որ Հրաչյա Հարությունյանը գնացել է արտագնա աշխատանքի: Ամոթ է, սա մահ է մեզ համար: Մարդ, որը 20 տարեկան զոհված որդի ունի, ինքն էլ կամավոր մասնակցել է Արցախյան պատերազմին, գնացել է այլ երկիր՝ ընտանիքը պահելու համար»: