Կանադայի Լակ-Մեգանտիկ քաղաքի բնակիչները, որոնք հուլիսի 6-ին տուժել են երկաթուղու վթարից, Քվեբեկի գերագուն դատարան են ներկայացրել միջնորդություն՝ ամերիկյան Montreal, Maine & Atlantic railway երկաթուղային ընկերության դեմ հավաքական հայց ներկայացնելու մասին, հաղորդում է Associated Press-ը:
73 ցիստեռն նավթ տեղափոխող գնացքի վթարը տեղի է ունեցել հուլիսի 6-ին՝ Լակ-Մեգանտիկ քաղաքում՝ Մոնրեալից 250 կմ հեռավորության վրա: Վթարի վայրում հրդեհ է բռնկվել, որը տարածվել է մոտակա տների վրա: Հրդեհը հաջողվել է մարել երկու օր հետո:
Դատարան ներկայացված փաստաթղթերում, բացի ընկերությունից, որպես պատասխանատու նշվում են Montreal, Maine & Atlantic railway-ի նախագահ Էդվարդ Բուրկխարդթը և ընկերության տնօրեն Ռոբերտ Գրինդրոդը: Գլխավոր հայցվորներն են տեղի բնակիներ Գւ Ուելեն, որի ընկերուհին զոհվել է վթարի հետևանքով և Յանիկ Գանյեն, որի սրճարանը ոչնչացրել է հրդեհը. սրճարանի այցելուների մեծ մասը ողբերգության զոհերի թվում են:
Հաղորդագրության մեջ չի նշվում փոխհատուցման չափը, որին հավակնում են հայցվորները:
Վերջին տվյալներով՝ Կանադայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 35 մարդ, անհետ կորած է համարվում 15 մարդ:
















































